Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մամուլի ազատության ինդեքսում» Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է․ RSF-ի նոր զեկույցը

«Մամուլի ազատության ինդեքսում» Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է․ RSF-ի նոր զեկույցը
Հայաստան
16:27, 03 май 2022
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) հրապարակել է 2022 թվականի մամուլի ազատության ինդեքսը, որը գնահատում է լրագրության վիճակն աշխարհի 180 երկրներում։ Համաձայն հրապարակված ինդեքսի՝ ՀՀ-ն, նախորդ տարվա համեմատ, բարելավել է դիրքերը և 63-րդ հորիզոնականից իջել 51-րդ հորիզոնական։

Զեկույցում նշվում է, 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո մեդիա դաշտն աճել է։

«Հայաստանի հիմնական լրատվական աղբյուրները սոցիալական ցանցերն են, ուր ամեն օր մուտք է գործում բնակչության երկու երրորդը։ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո մեդիա դաշտն աճում է։ Անկախ առցանց լրատվական կայքերը զարգանում են, այդ թվում՝ Civilnet.am-ը, Hetq.am-ը, Factor.am-ը և Azatutyun.am-ը՝ կատարելով ժողովրդավարության էական հակակշռի իրենց դերը»,- ասվում է հրապարակման մեջ։

Չնայած բազմակարծության միջավայրին, ըստ զեկույցի, լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածքային վեճի հետ կապված։

Լրատվամիջոցների բևեռացվածությունն արտացոլում է քաղաքական դաշտը. լրատվամիջոցների մեծ մասը մոտ է քաղաքական առաջնորդներին, որոնք հայտնվել են 2018 թվականից հետո, մինչդեռ մյուսները հավատարիմ են մնում հին օլիգարխներին: Միայն մի քանի լրատվամիջոցներ են անկախություն դրսևորում: 2020 թվականից ի վեր երկու քաղաքական թեմաներ հատկապես զգայուն են՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմը և համաճարակի կառավարումը։ Որոշ քաղաքական խմբեր ապատեղեկատվական գործողություններ են իրականացնում և հարձակվում են լրագրողների վրա։

Նշվում է, որ իրավական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Վերջին բարեփոխումները չեն լուծել ապատեղեկատվության հետ կապված խնդիրները: Հակառակը, զրպարտության քրեականացումը, որի համար տուգանքի չափը եռապատկվել է, լուրջ վտանգ է ներկայացնում լրագրողների համար։ Հանրային տեղեկատվության հասանելիությունը սահմանափակվում է կառավարության կողմից (պատասխանելուց հրաժարում, ուշացումներ և այլն)։

ԶԼՄ-ների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած կամ ազդեցիկ հասարակական գործիչների կողմից: Նշվում է, որ գովազդի շուկան շարունակում է մնալ թերզարգացած, ինչը սահմանափակում է մասնավոր լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը:

Ըստ հրապարակման՝ պետական լրատվամիջոցները զերծ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից, իսկ լրատվամիջոցների սեփականատերերի թափանցիկությունը երաշխավորող նոր օրենքը դեռևս նոր պետք է կիրառվի։

2021 թվականը ծանր էր ԶԼՄ-ների և լրագրողների համար՝ Ղարաբաղյան պատերազմի, ընտրությունների և համաճարակի պատճառով։ Ընդհանուր առմամբ, լրագրողների նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում։

Հավելենք, որ Ադրբեջանն այս ինդեքսում զբաղեցնում է 154-րդ, Թուրքիան՝ 149-րդ, Ռուսաստանը՝ 155-րդ, Իրանը՝ 178-րդ, իսկ Վրաստանը՝ 89-րդ հորիզոնականը։