Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր Խարբերդում 46-ամյա տղամարդը հարվածներ է հասցրել կնոջ գլխին, ինչն առաջացրել է վերջինիս մահը

Նոր Խարբերդում 46-ամյա տղամարդը հարվածներ է հասցրել կնոջ գլխին, ինչն առաջացրել է վերջինիս մահը
Հայաստան
17:12, 29 июнь 2022
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ Նոր Խարբերդ համայնքի տներից մեկում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ պարզվել է, որ 2022 թ. հունիսի 21-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ  վիճաբանություն է ծագել 46-ամյա տղամարդու և նրա որդու միջև: Վիճաբանությանը միջամտել է մայրը, որի ընթացքում 46-ամյա տղամարդն ուղղակի դիտավորությամբ հարվածներ է հասցրել կնոջ գլխի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք: Կատարվել է առերես հարցաքննություն: Նշանակվել են փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: