Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր հասարակությունում ռեֆորմին անվանում են աղմուկ, իսկ լճացմանը՝ հանգիստ իրավիճակ. բուհերում պետք է լինի մասնագետների մրցութային ընտրություն. Ռուբեն Հայրապետյան

Մեր հասարակությունում ռեֆորմին անվանում են աղմուկ, իսկ լճացմանը՝ հանգիստ իրավիճակ. բուհերում պետք է լինի մասնագետների մրցութային ընտրություն. Ռուբեն Հայրապետյան
Հայաստան
18:54, 22 июль 2022
Ավարտվեցին բուհական ընդունելության քննությունները։ Բուհերից շատերը, սակայն, չեն կարողացել լրացնել թափուր տեղերը, քանի որ դիմորդները քիչ են եղել։ Շուրջ 550 անվճար և 15 հազար վճարովի տեղ է թափուր մնացել։ Այս հանգամանքը, ըստ  «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր, տնօրեն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի պայմանավորված է մի շարք գործոններով՝ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ։ Քանի որ, ըստ Հայրապետյանի, օբյեկտիվ գործոնների վրա մեր ազդեցությունը շատ ավելի փոքր է, կարիք կա քննարկելու սուբյեկտիվ գործոնները, որոնք տարիներ շարունակ իրենց ազդեցությամբ հանգեցրել են այս իրավիճակին։ 

«Կրթությունը շատ բարդ համակարգ է ու առկա են բազմաթիվ սահմանափակումներ, որոնք արգելափակում են կրթական համակարգի զարգացումը։ Իմ գնահատմամբ, ընդհանրապես, իրական ռեֆորմները կրթական համակարգում երբեք մեր ոլորտի պատասխանատուների օրակարգում չեն եղել, որովհետև կրթության ոլորտի առանձնահատկություններից ելնելով, ռեֆորմների արդյունքները հասարակության համար ավելի շոշափելի են լինում 5-20 տարի հետո, իսկ տվյալ պահին պաշտոնավարող պատասխանատուները այդ ռեֆորմների դափնիները վայելելու փոխարեն սովորաբար ստանում են նույն համակարգի որոշ տարրերի դիմադրություն», - ասաց Ռուբեն Հայրապետյանը։

Սա է պատճառը, ըստ Հայրապետյանի, որ ոլորտի պատասխանատուները, որպես կանոն, կամք չեն ցուցաբերում կատարել իրական բարեփոխումներ և ընտրում են կոնֆորմիզմը։

Հայրապետյանը նշեց, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ հայեցակարգեր են մշակվել, և նույնիսկ այդ քայլերն իրականացնելու դեպքում մենք արդյունքներ գրանցած կլինեինք։ Ապա, որպես օրինակ Հայրապետյանը բերեց Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքի 19-րդ հոդվածը, որը շատ հստակ և տրամաբանական նորմ է, ըստ որի բուհերի դասախոսները պետք է անցնեն մրցութային ընտրություն՝ թափուր պաշտոնները համալրելու համար և այս պարզ, բայց արդյունավետ մեթոդը, որը օրենքի իմպերատիվ պահանջ է, ուղղակի համատարած խախտվում է բուհերում, որպեսզի բուհերի գործող անձնակազմը չդժգոհի և պատասխանատուների համար ավելորդ անհարմարություն չառաջացնի։

«Այս պահին մենք բարձրագույն կրթության ոլորտում ունենք չորս տարի մշակվող օրենք, որը դեռ ուժի մեջ չի մտել։ Էն ինչ որ այս պահին ստանում ենք հետևանք է այս գործողությունների, որովհետև բոլոր օբյեկտիվ գործոններով հանդերձ հնարավոր էր դրանից խուսափել, հիմա էլ է հնարավոր, բայց, ցավոք, այս պահին էլ չի արվում, խուսափում ենք ռեֆորմներից, որովհետև մեր հասարակությունում ռեֆորմին անվանում են աղմուկ, իսկ լճացմանը անվանում են հանգիստ իրավիճակ, և ցավոք կառավարող մարմինները ևս տրվում են այս կոմֆորտ իրավիճակի գրավչությանը ու շարունակում իրենց ավանդական իմիտացիոն գործունությունը»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը։

Օրինակ բերելով հանրակրթական ոլորտը՝ Հայրապետյանը նշեց, որ երեխաները դպրոցներում 10 տարի սովորում են օտար լեզուներ, սակայն ի վերջո չի տիրապետում այդ լեզուներին, մինչդեռ ներկայումս օտար լեզու հնարավոր է սովորել մեկ տարում։

«Սա ոչ թե կրթության որակի նշան է, այլ կեղծ համակարգի, պետական միջոցների վատնման նշան է։ Քաղաքականությունը, որը պետք է իրականացվի, ընդամենը կամք է պահանջում։ Իսկ ո՞րն է այդ կամքը։ Հայաստանում կան լեզուների բազմաթիվ լավ մասնագետներ, որոնք հանրակրթության համակարգից կտրված են, որովհետև համակարգը պետք է փակվի, գործող կադրերը պետք է ստանան առնվազն 0,25 դրույք ծանրաբեռնվածություն, լավ մասնագետները պետք է արտագաղթեն համակարգից և կատարեն կրկնուսույցի գործ կամ անցնեն այլ ոլորտ», - ասաց Ռուբեն Հայրապետյանը։

Հայրապետյանը իրատեսական է համարում մինչև 2030 թվականը ունենալ հայաստանյան բուհեր, որոնք կլինեն աշխարհի լավագույն բուհերի 200-յակում, սակայն դրա համար պետք է այսօրվանից ակտիվ գործողություններ կատարվեն այդ նպատակին հասնելու համար։ Անգամ օրենքի նվազագույն պահանջը կատարելու դեպքում՝ հնարավորություն ստեղծելով, որպեսզի լավագույն մասնագետները մտնեն բուհական համակարգ, հնարավոր է հասնել այդ նպատակին։ ՛՛Հայաստանում մասնագետները քիչ են, ամեն մի ոլորտում 10-20 մասնագետ կարող է գտնել, բայց այդ քանակը նույնիսկ լրիվ բավարար է, որպեսզի յուրաքանչյուր ոլորտում մասնագիտական ներուժը մոբիլիզացնես և տարիներ անց նույն ոլորտում ունենալ 100, 200 կամ 300 լավ մասնագետ, բայց  դա չենք անում, որպեսզի հանկարծ այս պահին գործող որոշ դասախոսներ ուսումնական ծանրաբեռնվածության խնդիր չունենան», - ասաց Հայրապետյանը։

Հայրապետյանը մատնանշեց նաև սփյուռքի դերը, օրինակ բերելով Մատենայի օրինակը, որտեղ ունեն սփյուռքահայ մասնագետներ, ովքեր նույնիսկ անվճար են պատրաստ իրենց ծառայությունները մատուցել։ Նրանց, սակայն, անհասկանալի պատճառներով չեն «օգտագործում»։

Արդյո՞ք բուհերն իրենք չպետք է շահագրգռված լինեն ներգրավել լավագույն մասնագետներին, որն էլ իր հերթին կմեծացնի բուհերի միջև մրցակցությունն ու պոտենցիալ ուսանողներ հնարավոր կլինի ներգրավել, հետևաբար նաև ֆինանսական ռեսուրսներ կլինեն։ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ կառավարման մարմինները պետք է շահագրգռված լինեն դրանում, իսկ որպեսզի այդպես լինի, պետք է ճիշտ ընտրություն կատարել, թե ովքեր պետք է կառավարեն այդ բուհերը։ «Իսկ ո՞վ է զբաղվում դրանով՝ կրկին պետական կառավարման լիազոր մարմինը։ Եթե այդ մարմինը շահագրգռված չէ, մենք ինչպե՞ս պետք է բուհերում ունենանքշահագրգռված կառավարիչներ, որոնք պետք է կատարեն այդ բարեփոխումները», - նշեց Հայրապետյանը։

Հայրապետյանը համաձայնեց, որ հնարավոր է նաև պետության միջամտությունը սահմանափակելով, բուհերին ավելի մեծ ազատություններ տալով այդ հարցը լուծել, որպեսզի կրթական հաստատությունները շահույթ հետապնդեն, մրցակցեն, շահագրգռված լինեն լավագույն մասնագետներին ներգրավել, հետևաբար նաև ավելի շատ ուսանողներ ունենալ և ֆինանսական շահույթ ապահովել, սակայն միաժամանակ նշեց, որ ցանկացած մոդել կարող է աշխատել, ուղղակի պետք է պետական կառավարման մարմինների կողմից հստակ մշակված ռազմավարության երկարաժամկետ նպատակներին հասնելու քայլեր լինել, սակայն մինչ այժմ չունենք բարձրագույն կրթության ռազմավարություն։

Անգամ գործող աշխատավարձերով, ըստ Հայրապետյանի, բազմաթիվ միջին և բարձրակարգ մասնագետներ պատրաստ են աշխատել բուհերում, ուսանողներն էլ, եթե իմանան, որ բարձրակարգ ծառայություն են ստանում, ապա կգտնեն միջոցներ վարձավճարները տալու համար, որովհետև կիմանան, որ կարճ ժամանակ անց, ստացած գիտելիքների շնորհիվ կկարողանան հետ բերել իրենց ներդրումը։ Բացի այդ, Հայրապետյանը նշեց, որ հիմա էլ ռեսուրսներ կան դասախոսների ժամավճարները բարձրացնելու՝ օրինակ բերելով Տնտեսագիտական համալսարանը, երբ իր կառավարման ժամանակահատվածում, առանց ֆինանսական խնդիրներ ունենալու կարողացան եռապատկել ժամավճարը։

Դրական լուրը, ըստ Հայրապետյանի այն է, որ վերջին ժամանակահատվածում հայտնվում են նոր ուսումնական հաստատություններ, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ իրական մասնագիտական կրթություն են տրամադրում և, բարեբախտաբար, արդեն նաև կառավարման, մենեջմենթի, առաջնորդության բնագավառներում են այդպիսի հաստատություններ հայտնվում։ «Սա էն հնարավոր միտումներից մեկն է, որ կարող է երկարաժամկետում որոշակի արդյունքներ ապահովել, բայց քիչ արդյունքներ։ Եթե պետական կառավարման մարմինները չուղղորդեն այս նպատակի իրականացմանը, միևնույնն է այս մասնավոր կետերը ցանկալի արդյունք չեն տա։ Մեզ պետք է ուղղորդված պետական քաղաքականություն, որպեսզի կարողանանք համակարգային խնդիր լուծել», - եզրափակեց Ռուբեն Հայրապետյանը։
 
Վովա Հակոբյան