Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից. խոսքը նաև 2021թ. մայիսի 12-ին տեղի ունեցած ներխուժման մասին է. ՀՀ վարչապետ

«Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հստակ է և աներկբա՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից»,- այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծեց, որ խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլև նախորդ տարվա մայիսի 12-ին տեղի ունեցած Խոզնավար հատվածի ներխուժման մասին:

Ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ն այս դիրքորոշումն է արձանագրել երեկ ՄԱԿ-ի ԱԽ քննարկումների ժամանակ. «Ըստ էության ՄԱԿ-ի ԱԽ-ում Հայաստանի դիմումի վրա են քննարկումներ տեղի ունեցել, և երեկ երեկոյան ես մեկ հեռախոսազրույց եմ ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի ԱԽ ուշադրության կենտրոնում»: