Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ը իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ին՝ խաղաղապահ գործողություններում անձնակազմի ծառայության և անձնազոհության համար

ՄԱԿ-ը իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ին՝ խաղաղապահ գործողություններում անձնակազմի ծառայության և անձնազոհության համար
Հայաստան
16:48, 23 ноябрь 2022
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Խաղաղությանն ուղղված գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուան իր երախտագիտությունն է հայտնել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի ցուցաբերած վճռական աջակցության և ՄԱԿ-ի դրոշի ներքո տեղակայված ռազմական և ոստիկանական անձնակազմի ծառայության և անձնազոհության համար։

Այս մասին աված է ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրության մեջ։

ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից Հայաստանը ներկայումս 79-րդն է ՄԱԿ-ի խաղաղությանն ուղղված գործողություններին ամենամեծ թվով ռազմական անձնակազմի տրամադրման առումով։  Անձնակազմը ներառում է 32 խաղաղապահի, այդ թվում՝ երեք կին ծառայողի, որոնք ծառայում են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կազմում։

Առաջին հայ խաղաղապահը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կազմում տեղակայվել է 2012 թ. փետրվարին։ 2014 թվականի նոյեմբերից ի վեր, երբ Լիբանան ժամանեց Հայաստանից առաջին զորախումբը՝ բաղկացած 33 զինվորականից, Հայաստանը մշտական ներդրում ունի առաքելության մեջ:

Հայաստանը նախկինում մի քանի տարի շարունակ նաև սահմանափակ թվով խաղաղապահներ է տեղակայել ՄԱԿ-ի հովանու ներքո Մալիում Բազմազգ միացյալ կայունացման առաքելության (MINUSMA) կազմում։

«Հայ տղամարդիկ և կանայք ծառայել են ՄԱԿ-ի խաղաղապահ բազմաբնույթ միջավայրերում և ցուցաբերել արհեստավարժության և նվիրվածության բարձր մակարդակ: Խորապես երախտապարտ ենք տևական խաղաղության և անվտանգության գործում նրանց ներդրման համար», - նշել է պարոն Լակրուան։

Հայաստանը նաև հավանություն է տվել Գլխավոր քարտուղարի «Գործողություն հանուն խաղաղության պահպանման» (A4P) նախաձեռնությանը, որի նպատակն է ամրապնդել խաղաղապահությունը ավելի նպատակային մանդատների, ավելի ուժեղ և անվտանգ գործողությունների, ավելի հագեցած և պատրաստված ուժերի և քաղաքական լուծումների համար աջակցություն հավաքագրելու միջոցով։