Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամենամեծ անհաջողությունն այն է, որ փաստացի մեզ չհաջողվեց գալ որոշման, որպեսզի ՀԱՊԿ-ն արձագանքի Ադրբեջանի ագրեսիային՝ ընդդեմ Հայաստանի. Նիկոլ Փաշինյան

«Այսօր ավարտվում է Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում։ Այս շրջանը շատ հագեցած էր, մենք նշեցինք ՀԱՊԿ պայմանագրի ստորագրման 30-ամյակը  և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը։ Մեր տրամադրությունը, ցավոք, ամենևին հոբելյանական չէ։ Ցավոք, վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանը, որը  ՀԱՊԿ-ի անդամ է, նվազագույնը երեք անգամ ենթարկվել է ագրեսիայի՝ Ադրբեջանի կողմից»,- այսօր ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ընկճող  է այն, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, չկարողացավ հետ պահել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, մանավանդ որ մինչ օրս փաստացի մեզ չհաջողվեց գալ որոշման այն մասով, որպեսզի  ՀԱՊԿ-ն արձագանքի Ադրբեջանի ագրեսիային՝ ընդդեմ Հայաստանի։

«Այս փաստերը մեծ վնաս հասցրին ՀԱՊԿ-ի հեղինակությանը՝ ոչ միայն մեր երկրի ներսում, այլև մեր երկրի սահմաններից դուրս։ Եվ ես դա գնահատում եմ որպես Հայաստանի նախագահության գլխավոր անհաջողությունը ՀԱՊԿ-ում։ Նույնը կարող եմ ասել մեր գործընկերներ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանային էսկալացիայի փաստերի մասին։ Այդուհանդերձ, պետք է նշեմ մեր հաջողված գործողությունները՝ նկատի ունենալով օպերատիվ արձագանքը Ղազախստանի նախագահ Տոկաևի դիմումին՝ աջակցել իրենց այս տարվա հունվարին երկրում հասարակական կարգը վերականգնելու հարցում։ Մենք հարցը լուծեցինք մեկ գիշերվա մեջ, ինչը թույլ տվեց Ղազախստանին խուսափել ներպետական քաոսից»,- ասաց վարչապետը։

 Նա նաև ասաց, որ առիթից օգտվելով ցանկանում է Կասիմ Ժոմարտ Տոկաևին շնորհավորել Ղազախստանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ։ 

Վարչապետի խոսքով՝  այսօրվա օրակարգը հագեցած է, և ինքը հուսով է, որ իրենց կհաջողվի համաձայնեցնել գործընկերային  մոտեցումները, որոնք վերաբերում են ակտուալ պրոբլեմներին։

Վարչապետը նաև հիշեցրեց, որ ավարտվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի եռամյա գործունեությունն այդ պաշտոնում, և վարչապետը շնորհակալություն հայտնեց նրան՝ արդյունավետ աշխատանքի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։