Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապրիլի 24-ի խորհուրդը ժամանակի ընթացքում Հայաստանում չի թուլանում. Միշա Գալուստյան

Ապրիլի 24-ի խորհուրդը ժամանակի ընթացքում Հայաստանում չի թուլանում. Միշա Գալուստյան
Հայաստան
14:50, 24 апрель 2021
Ռուսաստանաբնակ հայազգի դերասան և շոումեն Միշա Գալուստյանը, «Ինստագրամի» իր էջում անդրադառնալով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, հրապարակել է անմոռուկի լուսանկար և գրառում կատարել՝ ընդգծելով, որ ժամանակի ընթացքում Ապրիլի 24-ի խորհուրդը Հայաստանում չի թուլանում, ինչը մասամբ պայմանավորված է միջազգային հանրության արշավով, որը միտված է ստիպել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրում է armtimes.am-ը։

«1915-ի այս օրը օսմանյան մայրաքաղաք Ստամբուլում ձերբակալվեցին և ավելի ուշ սպանվեցին ավելի քան 800 հայ մտավորականներ։ Այդպես հայ ժողովուրդը, որի մեծ մասն այդ ժամանակ ապրում էր Արևմտյան Հայաստանում, զրկվեց ինտելեկտուալ էլիտայի մեծ մասից: Դրան հաջորդեց էթնիկ հայերի սպանության և տեղահանման գործընթացը, որը ստացավ «Հայոց ցեղասպանություն» անվանումը»,- հիշեցրել է Գալուստյանը:

Նա նաև նշել է, որ ավանդաբար այս օրը միլիոնավոր հայեր և հայերին կարեկցող այլ ազգերի ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներում հարգանքի տուրք են մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Ցեղասպանություն, որը շուրջ 1,5 միլիոն հայերի կյանք խլեց կամ այդ ժամանակահատվածում աշխարհի բոլոր հայերի մոտ կեսինը: Մնացել են միայն Ռուսական կայսրության հայերը, ինչպես նաև փախստական հայերը՝ երրորդ երկրներում»,- ընդգծել է դերասանը՝ հավելելով, որ ամեն տարի այս օրը Երևանում հարյուր հազարավոր մարդիկ բարձրանում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և մեխակներ, կակաչներ խոնարհում անմար կրակի մոտ: