Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դարեր տևող թշնամանքի հանգուցալուծման մեխանիզմներից մեկը Ադրբեջանում իշխանափոխությունն է և ժողովրդավար իշխանությունների հաստատումը. Վիլեն Գաբրիելյան

Civic.am-ի զրուցակիցն է ԱԺ «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։ 
 
Պարոն Գաբրիելյան, ավելի քան 30 տարի է անցել Սումգայիթի, Բաքվի ջարդերից, բայց Ադրբեջանը շարունակում է իր հակահայ քաղաքականությունը։ Ի վերջ, ի՞նչպես պետք է հանգուցալուծվի այս դարերով եկող թշնամանքը։

Այս դարերով տևող թշնամանքի հանգուցալուծման մեխանիզմներից մեկը իրականում Ադրբեջանի հանրապետությունում իշխանափոխությունն է և ժողովրդավար իշխանությունների հաստատումն է, որովհետև փաստացի այն քաղաքականությունը, որը վարում է Ադրբեջանի ներկայիս իշխանությունը՝ դա ավտորիտար ռեժիմի քաղաքականություն է։ Ադրբեջանն իրականացնում է հայերի էթնիկ զտման քաղաքականություն։ Սրա վառ ապացույցը Լաչինի միջանցքի փակումն է, և փաստացի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ 

Այսօր վարչապետը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Եվրոպայի խորհուրդն իր տարեկան զեկույցում բավական սուր քննադատել է Ադրբեջանի ագրեսիան՝ մասնավորապես, երբ սեպտեմբեր ամսին ներխուժել է ՀՀ տարածք։ Միջազգային հանրության այս զեկույցները, հայտարարությունները ի՞նչ են տալիս Հայաստանին և արդյո՞ք դրանք ազդում են Ադրբեջանի վրա։ 

Նախ պետք է փաստել, որ այդ հայտարարությունները ոչ միայն հայտարարություններ են, այլ իրավիճակի օբյեկտիվ գնահատական են։ Եթե մինչ սեպտեմբեր մեր միջազգային գործընկերները տալիս էին լղոզված ձևակերպումներ, ապա հասցեատերն այս պահի դրությամբ շատ հստակ է ՝ Ադրբեջանի իշխանությունն է, որը վարում է հակահայ՝ էթնիկ զտումների քաղաքականությունը։ Մեզ դա տալիս է առնվազն փոխըմբռնում մեր միջազգային գործընկերների հետ՝ իրենց համար շատ հստակ է, թե ով է մեղավորը։

Օրերս տարածվեց տեսանյութ, որ ավելի քան մեկ ամիս իրենց ընտանիքից կտրված արցախցի երեխաները, երբ գիշերը ճանապարհին մեկնում էին Արցախ, բնապահպան կոչվող ադրբեջանցիները փակ դեմքերով մուտք են գործել ավտոմեքենա, տեսագրել երեխաներին։ Ինչպե՞ս սա բնութագրենք, ի՞նչ նպատակ է հետապնդում սա։

Բնութագիրը մեկն է՝ վախի մթնոլորտ սփռելն է հայերի, երեխաների մեջ, բայց Ձեր նկարագրած դպքը, կարծում եմ նաև, ճիշտ կլինի, որ մեր ՌԴ գործընկերներն  ուսումնասիրեն, թե ինչպես է ստացվել, որ Ադրբեջանի պսեվդոէկոլոգները կարողացել են կանգնեցնել շարասյունը և ներխուժել երեխաների մոտ։

Ռուբեն Վարդանյանը մի քանի ամիս է՝ պաշտոնավարում է Արցախում, սակայն Ադրբեջանը չի ուզում բանակցել նրա հետ։ Ձեր կարծիքով ինչու Ադրբեջանը չի ուզում համագործակցել՝ բանակցել Ռուբեն Վարդանյանի հետ։

Ես չեմ կարծում, որ իմ կողմից ճիշտ կլինի Ադրբեջանի պաշտոնյաների խոսքերը մեկնաբանելը, իսկ ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի նշանակմանը՝ դա բացառապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և իշխանությունների իրավունքներն են՝ նշանակել կամ ընտրել այս կամ այն պաշտոնյային։ Մեր խնդիրը մեկն է, որ այս պահին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի միջև այս ճգնաժամային իրավիճակում պետք է լինի միասնականություն և լիարժեք փոխըմբռնում։ 
 

Մանրամասն՝ տեսանյութում

Նարա Մարտիրոսյան