Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապրիլի սկզբի ցրտահարության հետևանքով ցրտահարվել են Արագածոտնի մարզի 1200 հեկտար ծիրանի այգիներ, Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքներում վնասը կազմում է 50-60 տոկոս, Արարատում էական վնասներ չկան

Ինչպես տեղեկացրել էր Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, ապրիլի  1-ի լույս 2-ի գիշերը հանրապետության տարբեր հատվածներում գրանցվել են բացասական ջերմաստիճաններ։ Արարատի մարզում օդի նվազագույն ջերմաստիճանը դիտվել է լուսադեմին՝ ժամը 05։00-07։00-ը, օդում  -1...-2.4 աստիճան, հողի մակերևույթին՝ -1...-3 աստիճան, Արմավիրի մարզում նվազագույն ջերմաստիճանը դիտվել է գիշերը՝ ժամը 03։00-05։00-ը, օդում  0...-2.5 աստիճան, հողի մակերևույթին՝ 0...-4 աստիճան։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչության պետ Վարսիկ Մարտիրոսյանի հետ։ Նա նշեց, որ այս պահին դեռ լիարժեք տեղեկատվությունը հստակեցվում է  համայնքային հանձնաժողովների կողմից, դրանք կամփոփվեն և կներկայացվեն մարզպետարաններ, որից հետո արդեն պատկերը հստակ կլինի։

«Այս պահին միայն արձանագրված է, որ Արագածոտնի մարզի Արագածավան, Լուսակն, Գետափ համայնքներում շուրջ 1200 հեկտար ծիրանի այգիներ են ցրտահարվել և Արմավիրի մարզի Բաղրամյանի բարձրադիր հատվածներում»,- ասաց Վարսիկ Մարտիրոսյանը։


Խոսելով ապահովագրության  մասին՝ Վարսիկ Մարտիրոսյանն ասաց, որ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ծրագրի շրջանակներում ցրտահարության ռիսկից ապահովագրվում են կորիզավորները, այդ թվում՝ ծիրանը։

«Եվ այն ֆերմերները, որոնք ապահովագրել են իրենց ծիրանի այգիները, բնականաբար վնասների գնահատումից հետո կստանան համապատասխան փոխհատուցում»,- ասաց Վարսիկ Մարտիրոսյանը։ 

Մենք զրուցել ենք նաև Արարատի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանի հետ, վերջինս ասաց, որ ցրտահարության վերաբերյալ ահազանգեր չունեն։

«Էական ազդեցություն որևէ գյուղատնտեսական կուլտուրայի վրա չկա, ամսի 1-ին, ժամը 4-ին եղել է պիկը։ Մեր երեք օդակայաններում, որտեղից մենք ստանում ենք տվյալներ, Արտաշատում հողի վրա եղել է 1, օդում՝ -1, բարձր է եղել Արարատի օդերևութաբանական կայանում, հողի վրա՝ -4,5, օդում՝ -2, և Ուրցաձորում հողը սառած է եղել, ձյուն է եղել, օդում ընդամենը -1 է եղել։ Մեր բաց տեղը եղել է Արարատը, այդտեղ դիրքն այնպիսին է, որ այդ հատվածում երկար ժամանակ սառը օդը նստում է, բայց այդ ընթացքում եղել է ամպամածություն, և այս պահի դրությամբ որևէ բույսի վրա էական վնաս չի եղել»,- ասաց Հայկազ Տերտերյանը։  

Նա չի բացառում, որ որոշակի վնասներ այնուամենայնիվ կլինեն, որոնց մասին, սակայն, կիմանան 10-15 օր հետո։

Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն էլ ասաց, որ Արմավիրի մարզում ցրտահարությունը եղել է հիմնականում Բաղրամյանի տարածաշրջանի բարձրադիր համայնքներում, որտեղ գրանցվել է 3-4 աստիճան ցուրտ, և առկա է վնաս։ «Օրինակ՝ Բագարան, Երվանդաշատ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, որտեղ ցրտահարության վնասը կազմում է մոտ 50-60 տոկոս։ Իսկ Արմավիրի և Էջմիածնի համայնքները չեն  տուժել։ Բայց չեմ բացառում, որ որոշակի համայնքների գոգավոր ու փոսային հատվածներում կարճաժամկետ ցրտահարություն գրանցված լինի, բայց ոչ մեծամասշտաբ  վնասներ»,- ասաց Արթուր Այվազյանը։

Ինչպես նշեցին մարզպետարանների ներկայացուցիչները, Արմավիրում և Արարատում ապահովագրությունից օգտվողների քանակն անցյալ տարվա համեմատ ավելացել է։ Սակայն, ինչպես նշեց Հայկազ Տերտերյանը, Արարատում ապահովագրությունից օգտվողների քանակը կարող է ավելին լինել, եթե պատասխանատուները իրազեկումն ավելի արդյունավետ իրականացնեն։ 

Մանրամասները՝ տեսանյութում 
Լիլիթ Թադևոսյան