Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա կլինի վերջին երկարացումը. Անդրանիկ Քոչարյանը խնդրեց 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի աշխատանքների ժամկետը երկարաձգել ևս 6 ամսով

Այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ հերթական նիստում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն Ազգային ժողովին ներկայացրեց առաջարկ այդ հանձնաժողովի աշխատանքների ժամկետը երկարաձգելու մասին:

Ինչպես նշեց Անդրանիկ Քոչարյանը, քննիչ հանձնաժողովը իր աշխատանքների ընթացքում պահանջել և ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ՝ ավելի քան 14 հազար էջ ծավալով, որոնց մանրակրկիտ ուսումնասիրությունը դեռ շարունակվում է: «Որոշվել է հրավիրյալների ցանկը, որի հիման վրա հրավիրվել են և շարունակում են հրավիրվել գործող ու նախկին զինվորական և քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ»,- հայտարարեց նա:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողովին են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ և զոհվածների հարազատներ, որոնք նույնպես անհատական կարգով հանձնաժողովին են ներկայացնում բազմաթիվ տեղեկություններ և տեսաձայնային նյութեր:

«Հրավիրյալների լսումները շարունակելու և փաստաթղթերի նոր ծավալն ուսումնասիրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հանձնաժողովի աշխատանքների հաջորդ փուլը, որի հանար խիստ անհրաժեշտ է հանձնաժողովի աշխատանքների ժամկետը երկարացնել ևս 6 ամսով»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը և հավելեց, որ սա կլինի վերջին երկարացումը:

Մանրամասն՝ տեսանյութում