Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ենթադրում եմ, որ իրենց շահերից չի բխում, որ հանձնաժողովի աշխատանքները լինեն հաջողված»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդմիության որոշման մասին

Ընդդիմությունը բոլորի ներկայությամբ չկարողացավ պատասխանել, թե պատճառը որն է, որ ներկա չեն լինելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Ասում են՝ իշխանությունը տվեք մեզ, որ մենք մասնակցենք, բայց ժողովուրդն արտահերթ ընտրություններով որոշել է՝ քաղաքական դաշտում ով ինչ տեղ պետք է զբաղեցնի։ Այսօր՝ փետրվարի 14-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ 

«Ենթադրում եմ, որ իրենց շահերից չի բխում, որ հանձնաժողովի աշխատանքները լինեն հաջողված, որովհետև խոսում են «Ապրիլյանի» եզրակացության բացակայության մասին, բայց 4 ամիս Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժը ժամանակ ուներ ծանոթանալու, գոնե ձայնագրությունները նայելու, թե իրենց ֆրակցիայի ղեկավարին ինչ հարցեր են տրվել, և ինքը ինչպես է պատասխանել»,- նշեց Անդրանիկ Քոչարյանն ու հավելեց. «Իհարկե ցավալի է, որ մեր հասարակությունն ամբողջ ծավալով տեղեկացված չէ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի եզրակացությունից, բայց մի օր գուցե տեղեկացվի, եթե պատկան մարմինները, որոնք գաղտնիության առարկություններ ունեին, տան իրենց համաձայնությունը՝ զեկույցը և ձայնագրությունները հասանելի դարձնելու»։

Նշենք, որ այսօր հանձնաժողովի նիստին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ  ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի եզրակացությունը չի ստորագրվել հանձնաժողովի բոլոր անդամների կողմից՝ նշելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի անունը։ 

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց նաև, որ եթե ընդդիմությունը համաձայներ մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ապա հնարավորություն կունենար հրավիրելու իրենց նախընտրած պաշտոնյային, ինչպես նաև գաղտնի փաստաթղթերը հասանելի կլինեին հանձնաժողովում։ Հանձնաժողովն աշխատելու էր օնլայն ռեժիմով, և ընդդիմությունը հնարավորություն էր ունենալու հատուկ կարծիքի: «Լավ, դուք մեզ չեք սիրում, բա ձե՞զ էլ չեք սիրում»,- ընդգծեց հանձնաժողովի նախագահը։