Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միհրան Պողոսյանը կապ ունի միայն բանանի ու սպիտակ փոշու հետ. վերջինս և իր գործընկեր պրոքսիները թող զգույշ լինեն

Վերջին շրջանում ակնառու են դարձել իրենց ընդդիմադիր հռչակած նախկին պաշտոնյաների կողմից ՌԴ-ից կուսակցություններ բացելն ու այնտեղից հրահանգներ իջեցնելը իրենց համակիրներին՝ պայքարել իշխանության դեմ։ Ի դեպ, նրանցից շատերը գտնվում են հետախուզման մեջ։ Եվ ահա նրանցից մեկը՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ՌԴ-ում գտնվելով, բացել է «Հայոց համազգային» կուսակցություն և այդ մասին բարձրաձայնել ապրիլի 24-ին անկախության շրջանում հայտնի շեփորային ստեղծագործության ուղեկցությամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել նաև հանցավոր խմբի անդամներ, «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ. Ա.-ի և պահեստապետ Ս. Գ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցել:

 Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։  
«Հիմա մենք հասկանում ենք, որ որոշակի սեզոնային սրացման հետ գործ ունենք որոշ տարրերի, և ժամանակի ընթացքում, սեզոնի ավարտին, այդ ամենն էլ կավարտվի՝ ոնց որ ամեն սեզոնի հետ մենք գործ ենք ունենում։ Սակայն այս ամենը ինձ նաև առիթ է տալիս հիշեցնելու մեր Ազգային անվտանգության ծառայությանը, որ մի հատ վերաիմաստավորեն նախ՝ ինչ է տեղի ունեցել 2014 թվականին Ուկրաինայի արևելեքում, ինչպես էին Դոնբասը «Դոնբասի» վերածում, և հիմա նույն ձեռագիրն է, ուզում են Դոնբասի վերածել Հայաստանը կամ Հայաստանի ինչ-որ հատվածներ, բայց դրանք նույն տարրերն են՝ մի քիչ ուրիշ կատարմամբ։ Նպատակն է, որպեսզի Հայաստան պետությունը դե ֆակտո այլևս գոյություն չունենա, Հայաստանում օրինական, ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություն չլինի, Հայաստանում իշխեն շիզոֆաշիզմի պրոքսիները՝ ի շահ ռուս շիզոֆաշիստների»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան