Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փող կա, մարդ չկա. ապիկար ընդդիմության ճանապարհ փակելու անհաջող փորձերը

Փող կա, մարդ չկա. ապիկար ընդդիմության ճանապարհ փակելու անհաջող փորձերը
Քաղաքականություն
18:20, 26 апрель 2024
Նախօրեին մի խումբ քաղաքացիներ փակել էին մի շարք փողոցներ ու մայրուղիներ, այդ թվում՝ Երևան-Սևան մայրուղին։ Ընդդիմությունն ու ընդդիմադիր որոշ լրատվականներ ներկայացնում էին և շարունակում են ներկայացնել, թե ճանապարհ փակողները սովորական քաղաքացիներ են, որոնք միացել և աջակցում են տավուշցիներին։ Սակայն պետք է տարանջատել թե՛ Տավուշում իրոք մտահոգություններ ունեցող քաղաքացիներին, թե՛ այդ մարդկանց օբյեկտիվ մտահոգությունները շահարկողներին, թե՛ հանրապետության տարբեր հատվածներում ակցիա իրականացնողներին։ Վերջին երկու խմբերին չպետք է նույնացնել Տավուշում իրոք մտահոգություն ունեցողների հետ։ Ապացույցը՝ հանրապետության տարբեր շրջաններում փողոցներ փակողների կազմն է, իսկ երբեմն՝ նրանց բացակայությունը։

Երեկ, օրինակ, փակվել էր Արշակունյաց պողոտան։ Տարածքում, սակայն, որևէ մեկը չկար, բացի երկու վարձակալած միկրոավտոբուսներից։ Այսօր էլ այդպես փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհը՝ կրկին առանց մարդկանց։ Ճանապարհը փակվել էր ավտոքարշակները ճանապարհի մեջտեղում կանգնեցնելու միջոցով։ Տարածքում, ինչպես Արշակունյաց պողոտայի պարագայում, որևէ ցուցարար չկար։

Ընդդիմությունը չի կարողանում մարդկանց դուրս հանել փողոց և ստիպված դիմում է նման քայլերի։ Նրանք այդպես էլ չհասկացան, որ «փողի զոռով» հնարավոր չէ հեղափոխություն անել, եթե չունես ժողովրդի իրական աջակցությունը։ 

Այն տեղերում էլ, որտեղ ճանապարհը փակվում է մարդկային ուժի, ներկայության միջոցով, այնքան էլ սովորական, մտահոգ քաղաքացիներ չեն, որոնք դուրս են եկել փողոց ու աջակցում են տավուշցիներին։ Մի մասում ընդդիմությունը դա անում է իր դեմքով՝ պատգամավորների միջոցով, օրինակ՝ Աղվան Վարդանյանի, Արմենուհի Կյուրեղյանի, Ասպրամ Կրպեյանի, Գեղամ Մանուկյանի դեմքով, մյուս մասում էլ փորձում է ինքը չերևալ՝ ցույց տալու համար, որ հասարակ ժողովուրդն է ոտքի կանգնել։ Իրականում, սակայն, այստեղ էլ փողոց փակողները այնքան էլ սովորական քաղաքացիներ չեն։ Օրինակ՝ Սևան-Երևան ճանապարհը փակած մարդիկ, որոնք հայտարարում էին, թե դեմ են սահմանազատման գործընթացին, կոչ էին անում մարդկանց միանալ իրենց, մի կողմ դնել կուսակցական պատկանելությունը,  2021 թվականի ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի՝ Սևանի շտաբից էին։

«Մենք հայրենիք սիրող ենք։ Ստեղ միատ կուսակցական խաղեր չտան ստեղ։ Էդ ընդդիմության ընդդիմությունները թող վաբշե ոչ մեկ ոչ մի բան չխոսա։ Տղա են, թող հելնեն իրանց տղամարդկությունը ցույց տան», - խիստ վրդովված տոնով գոռում-գոչում էր 2021-ին Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի Սևանի պետ Դավիթ Հարությունյանը։

Կուսակցական խաղեր չտալու մասին գոռացող Հարությունյանը, ով, ի դեպ, հայտնի է «Յուպոյ Դավո» մականունով, ինչպես նշեցինք, բացարձակապես սովորական, մտահոգ քաղաքացի չէ, որն իր քայլերով աջակցում է տավուշցուն։ Յուպոյ Դավոն փողոց է դուրս եկել անձնական դրդապատճառներով։ Իսկ դրդապատճառն այն է, որ մինչև 2021 թվականը նա և իր հետ փոխկապակցված անձինք մոտ 10 տարի տնօրինել են «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող լողափը, սակայն ի հեճուկս ունեցած պարտավորությունների՝ ոչ մի ներդրում չի կատարել լողափում, և պետությունը 2021 թվականին խզել է պայմանագիրը ու հետ վերցրել այն Դավիթ Հարությունյանի կառավարումից, որից հետո նա 2021 թվականին դարձել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի Սևանի շտաբի պետը։ Ահա սա է ընդդիմության պատկերը։ Ստիպված պետք է կա՛մ իրենց հետ փոխկապակցված, եկամտի աղբյուրից կտրված դեմքերով հայրենասիրություն խաղան, կա՛մ, մարդ չգտնելով, փողով մեքենաներ վարձակալեն, տանեն կանգնեցնեն ճանապարհների վրա ու փախչեն այնտեղից։ 
 
Վովա Հակոբյան