Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին

Շիրակի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին
Հայաստան / Տնտեսություն
21:21, 06 сентябрь 2023
Շիրակի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին:

Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Մ-1, Երևան - Գյումրի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին, որի 1,8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են այս տարի, ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ: Ծրագրի ընդհանուր արժեքը 443,5 մլն դրամ է, որը հատկացվել է պետբյուջեից:

Հաջորդիվ վարչապետն այցելել է Աշոցք բնակավայրի պուրակ, որի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2022թ., ավարտը նախատեսվում է մինչ տարեվերջ: Աշոցք խոշորացված համայնքի շուրջ 10600 շահառուի համար կառուցվող 3730 քմ ընդհանուր մակերեսով պուրակի առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են, որի համար պետական բյուջեից հատկացվել է 17,212 մլն դրամ, կատարվել է 2-րդ փուլի աշխատանքների 60 %-ը: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 121 մլն դրամ է, որի 45%-ը հատկացվել է պետբյուջեից:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են Արեգնադեմի դպրոցի կառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել են 2021թ., ավարտը նախատեսվում է այս տարի: Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար։ Ծրագրի ընդհանուր արժեքը ավելի քան 645 մլն դրամ է, որը հատկացվել է պետբյուջեից: