Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ը հավատացնում է, որ պատրաստ է հոգալ Լեռնային Ղարաբաղից ընդհուպ 120 հազար տեղահանվածների կարիքները

ՄԱԿ-ը հավատացնում է, որ պատրաստ է հոգալ Լեռնային Ղարաբաղից ընդհուպ 120 հազար տեղահանվածների կարիքները
Միջազգային
15:35, 29 сентябрь 2023
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցիչ Կավիտա Բելանին տեսակապով անցկացված ճեպազրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղից Հայաստանի տարածք տեսափոխված մարդկանց մասին և այսպես նկարագրել իրավիճակը՝ «Հոգնած ու վախեցած մարդկանց հսկայական բազմություն է հավաքվում գրանցման կենտրոնների մոտ»:

«Սա մի իրավիճակ է, երբ նրանք ինն ամիս ապրել են շրջափակման պայմաններում: Եվ հիմա հասել են այստեղ՝ լցված անհանգստությամբ ու վախով, և նրանք պատասխաններ են պահանջում»,- ասել է Բելանին:

Պատասխանելով տեղահանվածների թվի մասին հարցին, Բելանին ասել է, որ փախստականների հարցերով գրասենյակը պատրաստ է հոգալ ընդհուպ 120 հազար մարդկանց կարիքները, բայց և ավելացրել է. «Դժվար է կանխատեսել, թե քանիսը կգան այստեղ»:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, Հայաստանի տարածք հասած փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են:

«Մեզ համար գլխավոր մտահոգությունն այն է, որ նրանցից շատերն անջատվել են իրենց ընտանիքներից»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրեն Ռեգինա Դե Դոմինիսիսը:

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության և Կարմիր մահիկի միջազգային միությունների ներկայացուցիչ Հիչամ Դիաբն ասել է, որ այժմ կա այդ փախստականներին հոգեկան առողջության աջակցության հսկայական պահանջ: