Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի խորհրդի լիագումար նիստին

Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի խորհրդի լիագումար նիստին
Միջազգային
13:57, 08 май 2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մայիսի 7-ին մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստին։

Միջոցառման շրջանակում քննարկվել են նաև խոշտանգումների կանխարգելման ու բռնի տեղահանված անձանց, փախստականների իրավունքներին առնչվող հարցեր։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է խոշտանգումներին և վատ վերաբերմունքի այլ ձևերին առնչվող գործերի արդյունավետ քննության կարևորությունը: Պաշտպանն ընդգծել է նշված գործերի քննության առանձնահատկությունների առնչությամբ իրավապահ մարմինների կարողությունների բարելավման և դրան ուղղված համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել ՀՀ ՄԻՊ առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի գործունեությանը, որի կազմում ընդգրկված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

«Խոշտանգումների կանխարգելման խորհուրդը շատ կարևոր հարթակ է ոլորտային հարցերի շուրջ լսելու քաղաքացիական հասարակության մեր գործընկերներին` նրանց մտահոգությունները նաև պետական մարմիններին հասցնելու առումով»,- նշել է Պաշտպանը։

Միջոցառման մասնակիցներին Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, կարևորել նրանց իրավունքների պաշտպանության առանձնահատուկ կառուցակարգերի մշակման և գործադրման անհրաժեշտությունը, ընդգծել նաև միջազգայինն կազմակերպությունների դերակառարությունը այս գործընթացում։

Անահիտ Մանասյանը կարևորել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ջանքերի մեկտեղումը և աջակցության բարձրացումը բռնի տեղահանված անձանց, ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանության հարցում` նկատի ունենալով այն, որ վերջիններս հաճախ հետապնդումների և վատ վերաբերմունքի այս կամ այն դրսևորումների զոհ են, և նրանց խնդիրները պետք է ստանան առանձնահատուկ կառուցակարգերով պատշաճ հասցեավորում։ Այս համատեքստում Պաշտպանը հանդես է եկել մի քանի առաջարկություններով։