Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ԱԳՆ

ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ԱԳՆ
Միջազգային
17:59, 08 май 2024
Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը»,- հայտնեց խոսնակը։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից։ Նշենք, որ Հայաստանը թեև դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, սակայն չի մասնակցում կառույցի աշխատանքներին, այդ թվում՝ համատեղ զորավարժություններին։

Նիկոլ Փաշինյանը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը դե յուրե հրաժարվում է արձանագրել իր պատասխանատվության գոտին Հայաստանում և պատշաճ չի արձագանքել ՀՀ անվտանգային մարտահրավերներին, ավելին՝ Հայաստանի համար անվտանգային խնդիրներ է առաջացրել։

Վերջերս նա նաև հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հավելենք, որ շուրջ կես տարվա դադարից հետո Փաշինյանն այսօր կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Փորձագետները չեն բացառում, որ հանդիպման օրակարգում կարող է լինել նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը։