Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենենդես. Ադրբեջանին ԱՄՆ օգնությունն անընդունելի է և բարոյապես աններելի

Մենենդես. Ադրբեջանին ԱՄՆ օգնությունն անընդունելի է և բարոյապես աններելի
Միջազգային
10:39, 17 ноябрь 2022
Ինչո՞ւ է Միացյալ Նահանգները 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակում աջակցությունն Ադրբեջանին։

Պետդեպարտամենտը վստա՞հ է, որ այդ օգնությունը չի ուղղվում Հայաստանի դեմ, և ինչո՞ւ Վաշինգտոնը չի փոխել վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ Հայաստանի վրա սեպտեմբերին կատարված հարձակումից հետո։ Սրանք էին հիմնականում հարցերը, որոնք երեկ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներն ուղղում էին տարածաշրջանով զբաղվող ամերիկացի երկու բարձրաստիճան դիվանագետներին՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդին և պետքարտուղարի Կովկասի հարցերով խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերին։

Քննարկումը սկսեց հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Բոբ Մենենդեսը՝ հստակ հարցադրմամբ. - «Միացյալ Նահանգները ինչո՞վ կարող է արդարացնել որևէ անվտանգային կամ այլ տեսակի աջակցության տրամադրումը Բաքվի վարչակազմին։ Դա անընդունելի է, բարոյապես աններելի և ծաղրի է ենթարկում Ազատության աջակցության ակտը, որի 907-րդ բանաձևն ասում է՝ Ադրբեջանին օգնություն չի կարող տրամադրվել, քանի դեռ այդ երկիրը չի դադարեցրել հարձակումները Հայաստանի և Ղարաբաղի դեմ ու չի վերացրել շրջափակումը»։

Բանաձևն ընդունվել էր 1992 թվականին, 10 տարի անց սակայն՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, Կոնգրեսը հնարավորություն տվեց նախագահներին ամեն տարի կասեցնել այդ դրույթը՝ ի շահ Ամերիկայի ազգային անվտանգության։ Գործող նախագահ Ջո Բայդենը նախընտրական շրջանում խոստացել էր հրաժարվել այդ պրակտիկայից, սակայն երկրորդ տարին է՝ նա ևս շրջանցում է արգելանքը։

«Միայն այս տարի Պետդեպարտամենտը 600 հազար դոլար է խնդրել՝ Ադրբեջանին ռազմական կրթության ու վարժանքների հարցում աջակցելու համար։ Ես դեմ եմ որևէ աջակցության մի զինուժի, որը հայտնի է հարևան երկրի հանդեպ հարձակումներով և պատերազմական հանցագործություններով։ Ընդ որում, այդ օգնությանը Պետդեպարտամենտում հավանություն տվեցին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա կատարված վերջին՝ սեպտեմբերյան հարձակումից ընդամենը մի քանի ամիս առաջ», - ընդգծեց Մենենդեսը։

Ի պատասխան՝ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը միանշանակ պնդում էր՝ որոշումը կայացնելիս ծանրութեթև են արել բոլոր փաստերը, տրամադրվում են միայն պաշտպանական միջոցներ, որոնք չեն կարող օգտագործվել Հայաստանի դեմ։

azatutyun.am