Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը սրընթաց վատթարանում է. Միշելը քայլեր է առաջարկում

Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը սրընթաց վատթարանում է. Միշելը քայլեր է առաջարկում
Միջազգային
16:06, 01 сентябрь 2023
Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը սրընթաց վատթարանում է, հրամայական է քայլեր ձեռնարկել ուղղված տեղական բնակչության կարիքներին, հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Եվրամիության (ԵՄ) ղեկավարը քայլեր է առաջարկում, որոնք, իր համոզմամբ, կարող են նպաստել Արցախում լարվածության թուլացմանը։ Միշելի խոսքով՝ ԵՄ-ն հաստատակամ է՝ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախկին պայմանավորվածությունների և միջազգային դատարանի վճռին համապատասխան։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդի դերում հանդես եկող եվրոպացի դիվանագետի կարծիքով՝ Աղդամի ճանապարհի օգտագործումը մատակարարումների համար ևս կարող է հստակ ու կայուն լուծման մաս կազմել։

«ԵՄ -ն նաև ընդգծում է Բաքվի կողմից ղարաբաղցի հայերին Լաչինի միջանցքով դեպի Հայաստան և հակառակ տեղաշարժերի ընթացակարգերի հստակեցումը»,- հայտարարել է Միշելը։

Եվրամիության պաշտոնյան կարևորել է նաև Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև երկխոսության կարևորությունը՝ հատուկ շեշտելով. - «Ղարաբաղցի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, իսկ հստակ պայմանների քննարկումները պետք է սկսվեն հնարավորինս արագ»։

Եվրամիության խորրհրդի նախագահը, ամփոփելով հայտարարությունը, պնդում է՝ եկել է խիզախ փոխզիջումային լուծումների պահը, այդ թվում այսօրվա լարվածության լույսի ներքո։

Աղբյուր՝ azatutyun.am