Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցում  քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Միջազգային
15:24, 09 сентябрь 2023
Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջև:

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին:

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին, ինչպես նաև բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին:

ՀՀ վարչապետը պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:

Քննարկվել են նաև Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: