Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի հոգևոր թեմի առաջնորդը Մայր Աթոռում նոր պաշտոնի է նշանակվել

Արցախի հոգևոր թեմի առաջնորդը Մայր Աթոռում նոր պաշտոնի է նշանակվել
Հասարակություն
17:00, 20 ноябрь 2023
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ, հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։ Ըստ այդմ՝ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն, իսկ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի վարիչ:

Հոգեշնորհ Տ. Սահակ վարդապետ Շաքարյանը ծառայության է կոչվել Սյունյաց թեմում առաջնորդական տեղապահի իշխանության ներքո:

Հատկանշական է, որ  ս.թ. նոյեմբերի սկզբին Մայր Աթոռում տեղի ունեցած ընդլայնված կազմով  Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովի ժամանակ  որոշվել էր պահպանել Արցախի հոգևոր թեմը։ «Արցախի թեմի լուծարումը տեղի չի ունենա, ինչպես, ցավոք սրտի, լուծարվում է Արցախի պետականությունը։ Եվ Վեհափառ Հայրապետը,  ի ուրախություն մեզ բոլորիս, նշեց, որ Արցախի թեմը չի լուծարվելու, այլ՝ գործառույթները կփոխվեն փոքր-ինչ, և ինքը իր նպատակի համար կծառայի։ Դա կնշանակի, որ մենք մեր սրտում կունենանք երազանք՝ նորից վերադառնալու Արցախ»,-մասնավորապես հայտարարել էր Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ 
Փաստորեն, թեմը չի լուծարվում, բայց թեմի առաջնորդը նշանակվել է նոր պաշտոնի։