Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձի մասնակցություն՝ մոտ 500 միլիարդ դրամ արժեքով

Դատախազությունը պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձի մասնակցություն՝ մոտ 500 միլիարդ դրամ արժեքով
Հասարակություն
13:13, 23 ноябрь 2023
2023 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ է մտել Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, որով Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը՝ 701,4 քմ մակերեսով, և 467 քմ մակերեսով հողամասի սեփականության իրավունքը: Հայցը ներկայացվել էր ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից. այս մասին Կառավարության նիստի ժամանակ նշեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը. «Մեծարգո վարչապետ, Կառավարության հարգելի անդամներ, իմ ձեռքում Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենն է, որպես գրանցված իրավունքի սուբյեկտ նշված է ՀՀ-ն»։

Վարդապետյանը նշեց, որ 2011 թվականի դրությամբ շենքի և հողամասի արժեքը կազմել է 1,5 մլրդ դրամ. «Իսկ ներկայիս շուկայական արժեքը մի քանի անգամ գերազանցում է իմ կողմից ներկայացված արժեքը»։ 

Ըստ դատախազի՝ ընդհանուր առմամբ դատարան է ներկայացվել 93 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձի մասնակցություն:  Ընդհանուր հայցագինը գերազանցում է 500 միլիարդ դրամը: 

Նա նշեց, որ մինչ օրս կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը փոխանցվել է 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 մլրդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 մլն դրամ: Վերոնշյալ անշարժ գույքերի ցանկում են Եռաբուր զինվորական պանթեոնի հարակից տարածքում գտնվող 4 հողամասերը:

Նաև Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ՝ Ծաղկաձորի անտառի 5500 քմ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Հայցը ներկայացվել էր ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից: 

2023 թվականի ապրիլի 26-ին Վարչական դատարանի կողմից բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցը, որով պահանջվում է պետությանը վերադարձնել Հաղթանակ զբոսայգու՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը: Վարչական դատարանի ակտը կողմը բողոքարկել է վերաքննության կարգով: Վերաքննիչ վարչական դատարանում նիստը նշանակված է 2024 թվականի փետրվարին: 

Պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում 2023 թվականին ներկայացվել են մի շարք հայցեր, որոնք վերաբերում են՝ 
  • «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասին.
  • Սախարովի հրապարակի մաս կազմող՝ Պուշկին փողոցի 2 հասցեում գտնվող գույքին. 
  • «Ռիբոկ» սպորտային համալիրի զբաղեցրած տարածքից հողամասն օտարելուն.
  • «Վարդավառ» զբոսայգում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացմանը.
  • «Ուսանողական» այգու և «Կոմիտաս» զբոսայգու տարածքների օտարումներին.
  • «Նանսենի անվան» զբոսայգու տարածքից 533,4 քմ մակերեսով հողամասի օտարմանը.
  • «Մոսկվա» կինոթատրոնի և Նկարիչների միության շենքերի պահպանության գոտում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասի վաճառքին.
  • Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող՝ «Կումայրի» արգելոց հուշարձանի տարածք հանդիսացող հողամասերի օտարման գործընթացին.
  • Երևան քաղաքի Սարալանջի 1 հասցեում գտնվող՝ նախկին «Երիտասարդական պալատ»-ին վարձակալությամբ հանձնված 31 հազար 780,0 քմ մակերեսով հողամասի օտարմանը.
  • Հաղթանակ զբոսայգուն հարող Բաբայան և Ուլնեցու հատման հատվածներում գտնվող՝ ընդհանուր 8800 քմ մակերեսով հողամասի օտարման գործընթացին։