«Մեր ռազմավարական անելիքն է ՀՀ պետականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը ամրապնդելը, և մենք շարունակելու ենք այս ճանապարհով»,- այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին:
Վարչապետի խոսքով՝ ԼՂ հարցը երկար տարիներ որոշ ուժերի կողմից օգտագործվել է մի նպատակի համար՝ որ Հայաստանում պետությունը չկայանա. «Այդ համոզմունքն իմ մեջ ավելի է խորանում: 1996թ. Լիսաբոնի գագաթնաժողովից հետո ըստ էության ԼՂ հարց չի եղել»:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաև Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված փաստաթուղթը: «Դրանում ասվում էր, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի շրջանակներում, այն է՝ Լեռնային Ղարաբաղը պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում»,- ասաց վարչապետը և հավելեց, որ մեր նպատակադրումների և իրականության միջև առաջացել են անհաղթահարելի խզումներ:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ որպես ՀՀ վարչապետ՝ իր խնդիրը ՀՀ ապագան է: Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի դիտարկմանը, թե Լեռնային Ղարաբաղին մենակ ենք թողել, վարչապետը ասաց. «Նման արձագանքներին կարող եմ մեկ բառով գնահատական տալ. ե-րախ-տա-մո-ռու-թյուն. ուրիշ բառ ես չեմ կարող օգտագործել»:
Ինչ վերաբերում է գերիների վերադարձին առնչվող հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ ուղղությամբ տարվում է ամենօրյա աշխատանք: