Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակում է արել, որտեղ փաստերը միտումնավոր խեղաթյուրվել են․ ՏԿԵՆ հերքումը

«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակում է արել, որտեղ փաստերը միտումնավոր խեղաթյուրվել են․ ՏԿԵՆ հերքումը
Հասարակություն
18:17, 20 декабрь 2023
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր «14 մլն դրամ՝ ՏԿԵՆ աշխատակիցների վերապատրաստման համար․ Սանոսյանը փորձում է կոծկել մասնագիտական թերացումները» վերտառությամբ հրապարակում է արել, որտեղ փաստերը միտումնավոր խեղաթյուրվել են։

Լրագրողը, չունենալով տարրական գիտելիքներ հարցի վերաբերյալ, չուսումնասիրելով օրենքը, չփորձելով ճշտել տեղեկատվությունը, փորձել է «սկանդալ» փնտրել և «հիմնավորել», թե «ՏԿԵՆ-ում աշխատում են ոչ համապատասխան մասնագիտացում ունեցող անձինք և այդ պատճառով նախարարությունը վերապատրաստման աշխատանքների համար ծախսել է 13 մլն 876 հազար դրամ՝ փորձելով կոծկել մասնագիտական թերացումները»։ 

Տեղեկացնում ենք, որ Համայնքային ծառայողների վերապատրաստումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով՝  հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը, համաձայն որի՝ յուրաքանչյուր համայնքային ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման։ 

Համայնքային ծառայողների վերապատրաստումն անցկացնում են օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունները։

Սկսած 2007 թվականից յուրաքանչյուր տարի իրականացվում է համայնքային ծառայողների վերապատրաստում, որի նպատակն է՝ կատարելագործել համայնքային ծառայողների  մասնագիտական գիտելիքները և աշխատանքային ունակությունները։

2010 թվականից սկսած ՀՀ ՏԿԵՆ ձեռնամուխ է եղել տարածքային կառավարման մարմինների աշխատակիցների, իսկ 2012 թվականից՝ նաև տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների կարողությունների կատարելագործմանն ուղղված վերապապատրաստման դասընթացների իրականացմանը։

2023 թվականի բյուջետային հայտով «Վերապատրաստման ծառայություններ» (ԾԲ 1038-11001) ծրագրի շրջանակներում նախատեսված 700 համայնքային ծառայողներից վերապատրաստվել են 697, տեղական ինքնակառավարման մարմինների 300 ներկայացուցիչներից՝ 251 համայնքի ղեկավարներ և ավագանու անդամներ, մարզպետների աշխատակազմերի 50 աշխատակիցներից հեռավար եղանակով վերապատրաստվել է 49 աշխատակից։ 
ՀՀ պետական բյուջեով  վերոնշյալ ծառայությունների համար նախատեսվել էր  14․594․200 ՀՀ դրամ։ Այդ թվում՝

1․ Համայնքային ծառայողների վերապատրաստման ծառայությունների հայտով նախատեսվել էր  11․935․000 ՀՀ դրամ, սակայն գնման արդյունքում «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն համայնքային ծառայողների վերապատրաստումը նախատեսվում էր իրականացնել 11․330․000 ՀՀ դրամով։ 

 2․ Տեղական ինքնակառավարման մարմինների վերապատրաստման ծառայությունների համար հայտով նախատեսվել էր  2․059․200 ՀՀ դրամ, սակայն գնման արդյունքում «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն համայնքային ծառայողների վերապատրաստումը նախատեսվում էր իրականացնել 1․951․000 ՀՀ դրամով։

 3․ Մարզպետների աշխատակազմերի աշխատակիցների վերապատրաստման ծառայությունների համար հայտով նախատեսվել էր  600․000 ՀՀ դրամ, սակայն գնման արդյունքում «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն համայնքային ծառայողների վերապատրաստումը նախատեսվում էր իրականացնել 595․300 ՀՀ դրամով։

Արդյունքում՝ 

1) Համայնքային ծառայողների վերապատրաստման մասով՝ նախատեսված 11․330․000  ՀՀ դրամից ծախսվել է 11․267․587 ՀՀ դրամ․

2) Տեղական ինքնակառավարման մարմինների վերապատրաստման մասով՝ նախատեսված 1․951․000 ՀՀ դրամից ծախսվել է 1․346․239 ՀՀ դրամ․

3) Մարզպետների աշխատակազմերի աշխատակիցների վերապատրաստման մասով՝ նախատեսված 595․300 ՀՀ դրամից ծախսվել է 583․344 ՀՀ դրամ։

Վերապատրաստման ծառայությունների համար ՀՀ պետական բյուջեով նախատեսված 14․594․200 ՀՀ դրամից ծախսվել է 13․497․170 ՀՀ դրամ, իսկ 1․097․030 ՀՀ դրամը կվերադարձվի պետական բյուջե։

ՀՀ ՏԿԵ նախարարությունը պայմանագիր ունի նաև ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի հետ, որը անց է կացնում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումները։ 

 Համայնքային ծառայողների և քաղաքացիական ծառայողների վերապատրաստում իրականացվել է մինչև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և կիրականացնվի նաև հետագայում։ Վերապատրաստման գործընթացն իրականացվում է անկախ գերատեսչության ղեկավարի ով լինելը։