Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խարկովում ՀՀ պատվո հյուպատոսարանի հրթիռակոծության հետևանքով տուժածների վերաբերյալ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը դիմումներ չի ստացել

Խարկովում ՀՀ պատվո հյուպատոսարանի հրթիռակոծության հետևանքով տուժածների վերաբերյալ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը դիմումներ չի ստացել
Հասարակություն
18:39, 04 январь 2024
Օրերս Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառված հրթիռներից վնասվել էր Խարկովում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսության շենքը։ 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հաստատել են տեղեկությունը։

Հրթիռակոծության հետևանքով տուժածների շրջանում հայերի կամ ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը դիմումներ չի ստացել: 

Նշենք, որ խոսքը հենց պատվո հյուպատոսության մասին է, որի գործառույթները տարբերվում են հյուպատոսական գործունեությունից։ 

Հյուպատոսը պաշտոնատար անձ է, որին հանձնարարված է ներկայացվող պետության հյուպատոսական գործառույթների կատարումը համապատասխան հյուպատոսական շրջանի շրջանակներում գտնվող պետության տարածքում, այսինքն՝ իր պետության և իր քաղաքացիների իրավական և տնտեսական շահերը պաշտպանելու համար: Փաստորեն հյուպատոսական գործառույթները ներկայացվող պետության անունից իրականացվում են հատուկ բացված հյուպատոսական հիմնարկների գտնվելու պետության համաձայնությամբ։

Իսկ պատվավոր հյուպատոսը անձ է, որը չի ազդում ներկայացվող պետության դիվանագիտական ծառայության վրա, բայց կատարում է որոշ հյուպատոսական գործառույթներ։ Որպես կանոն, դա պետության գործարար շրջանակների ներկայացուցիչներ են։ Սովորաբար պատվո հյուպատոսները հյուպատոսական գործառույթների համար ներկայացվող պետությունից աշխատավարձ չեն ստանում, չեն ներկայացնում այդ պետության արտաքին քաղաքականությունը։

Հետևաբար պատվո հյուպատոսարանի հետագա գործունեության մասին տեղեկատվություն չկա։ Այն, ըստ էության, չի զբաղվում այն խնդիրներով, որոնք ներկայացնում են դեսպանատներն ու հյուպատոսարանները։

Վովա Հակոբյան