Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը. մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը. մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ
Հասարակություն
18:34, 05 январь 2024
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է տարվա հինգ տաղավար տոներից առաջինը՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։

Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է։ Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։

Ճրագալույցի պատարագից հետո մարդիկ եկեղեցում վառած կանթեղներն իրենց հետ տուն են տանում, որը խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուսի  ծննդավայր։

Ճրագալույցի Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցին ավետում է բարի լուրը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»:

Մարդիկ դուրս են գալիս պահեցողությունից. Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան պահք են պահում, օգտագործում բուսական ծագում ունեցող սնունդ, փորձում մաքուր պահել հոգին ևս։

Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ, Սուրբ Ծննդյան տոնից բացի Սուրբ Հարությանը:

Նշենք, որ Սուրբ Ծնունդը  մեծ շուքով նշում են աշխարհի բոլոր քրիստոնյաները դեկտեմբերի վերջին, սակայն Հայ Առաքելական եկեղեցին, մնալով իր ավանդությանը հավատարիմ, տոնը սկսում է հունվարի 5-ին Ճրագալույցի սուրբ պատարագով։