Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրենց պապերից ժառանգած հողատարածքները համայնքային են, բնակիչները դրանք զավթել են, իսկ քանդվող 8 տներից 7-ում ոչ ոք չի բնակվում․ տարածքը կանաչապատվելու է

Իրենց պապերից ժառանգած հողատարածքները համայնքային են, բնակիչները դրանք զավթել են, իսկ քանդվող 8 տներից 7-ում ոչ ոք չի բնակվում․ տարածքը կանաչապատվելու է
Հասարակություն
13:08, 29 февраль 2024
«Մենք էդ հողամասերը, որ վերցրել ենք՝ 70-ականներից մեր ձեռքն ա եղել՝ մեկին իրա հորից ա անցել, մեկին` իրա պապուց», - Նոր-Նորքի Լվովյան փողոցում գտնվող համանքապատկան հողերը տիրապետող բնակիչները բողեքի ակցիա են իրականացնում։ Պատճառն այն է, որ քաղաքապետարանը ցանկանում է վերադարձնել իրեն պատկանող հողամասերը, որոնք կանաչ գոտի են հանդիսանում ու պետք է ապագայում կանաչապատվի։ Բնակիչները դժգոհում են, որ իրենք ծառներ են տնկել, կանաչապատել են տարածքը և հիմա տարակուսում են՝ ինչու՞ է քաղաքապետարանը ցանկանում կանաչապատ տարածքը կանաչապատել։ 

Սակայն, բացի «բաղչաներից», որ քաղաքացիները հանրային տարածքը զավթելով իրենցով են արել ու միայն իրենք են տիրապետում՝ «հորից ու պապից ժառանգելով», նաև այդ հողամասերի վրա տարբեր շինություններ են կառուցել, ու հիմա քաղաքապետարանը փորձում է զավթված տարածքները վերադարձնել հանրությանը։

Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրառում է կատարել, որ Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով անօրինական տիրապետումից ազատվելու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները:

«Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեներում հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը», - գրել է Կոստանյանը։ 

Civic.am-ի հետ զրույցում Կոստանյանն ասաց, որ բացի զավթված այգիներից նաև շինություններ կան, որոնք քանդվելու են, իսկ տարածքը՝ կանաչապատվելու է ու վերադարձվելու հանրությանը։

Հայկ Մարությանն էլ գրառում է կատարել, որ, Նոր-Նորքում 8 տուն է քանդվելու և ըստ բնակիչների, նրանք այդ մասին նախօրոք չեն ծանուցվել։ 

Հայկ Կոստանյանը հերքեց Մարությանի տեղեկությունը։ Ասաց, որ բնակիչները պարբերաբար տեղեկացվել են, որ ապօրինաբար են տիրապետում հողատարածքները և դրանց վրա գտնվող կառույցները քանդվելու են։ Քաղաքապետի խոսնակն ասաց, որ գրավոր ծանուցելու պարտավորություն քաղաքապետարանը չունի, իսկ բանավոր կերպով քաղաքացիները բազմիցս տեղեկացվել են։ Նաև ասաց՝ 8 տներից 7-ում որևէ մեկը չի բնակվում։ 
 
Վովա Հակոբյան