Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021 թվականը եղել է հետպատերազմյան մարտահրավերների իներցիան հաղթահարելու ժամանակահատված. Նարեկ Մկրտչյան. Տեսանյութ

«2021 թվականը 2020 թվականի հետպատերազմյան ճգնաժամից բխող մարտահրավերների շարունակական մեղմացման, մարտահրավերներին համապատասխան որոշումների մշակման ժամանակաշրջան էր մեզ համար՝ պայմանավորված արցախահայության  մի շարք խնդիրներով, որոնք գտնվում են ՀՀ տարածքում, և մենք  շարունակում ենք մեր շարունակական աջակցությունն ամենատարբեր ուղղություններով»,- այս մասին այսօր 2021-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նա նշեց, որ այս առումով պետք է արձանագրել, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ըստ էության մեծ մասամբ կարողացել է  անդրադառնալ բոլոր այդ մարտահրավերներին և կարողացել է մեղմել  սոցիալական լարվածության մի շարք խնդիրներ, որոնք բխել են 2020 թվականի հետպատերազմյան իրավիճակից։ 

Նախարարը նաև նշեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտն այս մարտահրավերներին պատասխանելու համատեքստում չի տուժել, և իրենք կարողացել են նաև անդրադառնալ սոցիալական պաշտպանության ոլորտին և մի շարք նոր ծրագրերի, նոր ռեֆորմների սկիզբ դնել։ 

«Կարող ենք արձանագրել, որ 2021 թվականն ըստ էության եղել է հետպատերազմյան մարտահրավերների իներցիան հաղթահարելու ժամանակահատված, սոցիալական պաշտպանության ոլորտի ընթացիկ խնդիրներին անդրադառնալու և այդ խնդիրներին շարունակական լուծում տալու և մի շարք նոր ծրագրեր նախանշելու և բարեփոխումներ մեկնարկելու ժամանակահատված»,- ասաց նախարարը։

Խոսելով նաև Արցախին տրամադրված սոցիալական աջակցության մասին՝ նախարարն ասաց, որ ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության հիմնական երաշխավորը, և պատերազմի ավարտից ի վեր Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացրել է շուրջ երկու տասնյակ տարբեր ծրագրեր՝ Արցախի ու արցախահայության համար։
«Այդ ծրագրերը եղել են ինչպես սոցիալական աջակցություն, կացարանի տրամադրման, զբաղվածության, աշխատանքի ծրագրեր, այնպես էլ մենք արդեն սկսել ենք մտածել զարգացման ծրագրերի մասին։ Ըստ էության, այդ ծրագրերի շնորհիվ մենք կարողացել ենք հաղթահարել հետպատերազմյան ժամանակահատվածում արցախահայության մի շարք խնդիրներ, և ուրախությամբ պետք է փաստեմ, որ մեր հայրենակիցների ավելի քան 80 տոկոսը վերադարձել է Արցախ, բայց բնականաբար, մի հատված դեռ շարունակում է մնալ ՀՀ ամենատարբեր հատվածներում, և նրանք շարունակում են մնալ մեր ուշադրության կենտրոնում»,- ասաց Նարեկ Մակրտչյանը։