Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերի 16-ին գերեվարվածների նկատմամբ Ադրբեջանում անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել. ռազմագերի Մարտիրոսյանը զոհվել է

Նոյեմբերի 16-ին գերեվարվածների նկատմամբ Ադրբեջանում անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել. ռազմագերի Մարտիրոսյանը զոհվել է
Հասարակություն
11:51, 11 февраль 2022
Նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների նկատմամբ Ադրբեջանում ցուցաբերվել է անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք, պատճառվել են տառապանքներ, թողել առանց բուժօգնության, որի հետեւանքով ռազմագերի Արթուր Մարտիրոսյանը զոհվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

«Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել 2021թ նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք դրսևորելու, դիտավորությամբ լուրջ տառապանքներ պատճառելու, վիրավոր զինծառայողին անօգնական վիճակում թողնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու պայմաններում ռազմագերի Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի զոհվելու վերաբերյալ։ Նշված փաստերի առթիվ 2021թ դեկտեմբերի 20-ին քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով և միացվել մայր գործին»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՔԿ-ից։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտե ուղարկված հարցմամբ՝ խնդրել էինք նաեւ տեղեկացանել, թե ՔԿ վարույթում քանի՞ քրեական գործ է քննվում՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանության հատկանիշներով, քրեական գործերով քանի անձ է տուժող ճանաչվել, քանի անձ է ներգրավվել որպես մեղադրյալ՝ հայ ռազմագերիների սպանության համար, որևէ անձի նկատմամբ հետախուզում հայտարարվել է, թե ոչ, Ադրբեջանի քանի ռազմական գործչի նկատմամբ է միջազգային հետախուզում հայտարարվել և քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածների հատկանիշներով, ՔԿ վարույթում քանի քրեական գործ է քննվում՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց զինծառայողների և քաղաքացիական անձանց խոշտանգման հատկանիշներով, քանի անձ է ներգրավվել որպես մեղադրյալ՝ հայ ռազմագերիների խոշտանգման համար, արդյո՞ք հետախուզում հայտարարվել է, թե՝ ոչ։

Նախաքննական մարմնից հայտնել են, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի թիրախներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, այդ թվում՝ ռազմագերիների նկատմամբ, փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։