Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստան-ԵԽ Գործողությունների ծրագրի հաջող իրականացումը կարևոր է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում. Պարույր Հովհաննիսյան

Հայաստան-ԵԽ Գործողությունների ծրագրի հաջող իրականացումը կարևոր է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում. Պարույր Հովհաննիսյան
Հասարակություն
19:23, 02 март 2022

Մարտի 2-ին տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը՝ հիբրիդային ձևաչափով:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը:
Քննարկումներին մասնակցեցին Գործողությունների ծրագրում ներգրավված՝ ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի քարտուղարությունում և ԵԽ հայաստանյան գրասենյակում դրանց իրականացման պատասխանատուները:
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձավ Ղեկավար կոմիտեի նախորդ՝ 2020 թ. հուլիսին կայացած նիստից հետո անցած ժամանակահատվածին, նշեց Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրները, կարևորեց Արցախում բնակչության հիմնարար իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների և միջազգային աջակցության հասանելիության ապահովումը։
Այս առումով, ԱԳ նախարարի տեղակալը հիշատակեց ԵԽ բարձրաստիճան ղեկավարների և տարբեր մարմինների հայտարարությունները, արցախյան պատերազմի հումանիտար և մարդու իրավունքների տեսանկյունից հետևանքների վերաբերյալ 2021 թ. սեպտեմբերին ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2021 թ. նոյեմբերին հրապարակված հուշագիրը:
Անդրադառնալով Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին՝ Պարույր Հովհաննիսյանը շեշտեց, որ դրա հաջող իրականացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում:
Գոհունակություն հայտնվեց 2022 թ. հունվարին ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում ընդունված «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» բանաձևում ժողովրդավարության ուղով Հայաստանի առաջընթացի արձանագրման կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց Գործողությունների ծրագրի դոնոր կազմակերպություններին և երկրներին, մասնավորապես՝ Եվրոպական միությանը, Նորվեգիային, Շվեդիային, Ավստրիային, Շվեյցարիային, Միացյալ Թագավորությանը, Գերմանիային, Իռլանդիային, Լիխտենշտեյնին, ինչպես նաև Երեխաների նկատմամբ բռնության վերացման հիմնադրամին և Մարդու իրավունքների վստահության հիմնադրամին:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման, իրավունքի գերակայության և ժողովրդավարական կառավարման ոլորտներում Եվրոպայի խորհրդի հետ իրականացված ծրագրերի արդյունքները: Հայկական կողմը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ: Մտքեր փոխանակվեցին հաջորդ՝ Հայաստան-ԵԽ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրում ներառվելիք նախագծերի վերաբերյալ: