Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը փոփոխություններ է առաջարկում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքում

Դատախազությունը փոփոխություններ է առաջարկում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքում
Հասարակություն
16:06, 11 май 2022
Գլխավոր դատախազությունը փոփոխություններ է առաջարկում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում՝ առաջարկելով խմբագրել մի շարք հասկացություններ, այդ թվում՝«պաշտոնատար անձ» եզրույթը: Նախագիծն ուղարկվել է խորհրդարան:

Պաշտոնատար անձ՝ անձ, ով իր զբաղեցրած պաշտոնի ուժով ուսումնասիրություն սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով հանդիսանում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ կամ անձ, որը զբաղեցրել է այդպիսի պաշտոն կամ անձ, որը զբաղեցրել է այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն: Անձը համարվում է համարժեք պաշտոն զբաղեցրած, եթե իր իրականացրած գործառույթներին նույնական կամ նմանատիպ գործառույթներ իրականացնող անձն ուսումնասիրությունն սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով հանդիսանում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ:

Նշենք, որ գործող օրենքով «պաշտոնատար անձ» հասկացությունը չի ներառում «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց մի մասին:

Նախագիծը մշակվել է այն տրամաբանությամբ, որ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնատար անձինք պետք է ներառվեն օրենքով սահմանված «պաշտոնատար անձ» հասկացության շրջանակում:

Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի վերջին փոփոխությամբ հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը զգալիորեն ընդլանվել է:

Հայտարարատու պաշտոնատար անձինք են պետական պաշտոն զբաղեցնողները, համայնքների ղեկավարները, նրանց տեղակալները, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարները, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամները, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարները, նրանց տեղակալները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, Երևան համայնքի ավագանու անդամները, քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին  և 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնողները, արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը, զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական պաշտոններ զբաղեցնող անձինք, հարկային, մաքսային ծառայությունների բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք, ոստիկանության, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք:

Գլխավոր դատախազության մշակած նախագծով փոփոխություններ է առաջարկվում ապօրինի ծագում ունեցող գույքի՝ բարեխիղճ ձեռք բերողի հոդվածում:

Գործող օրենքով, եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում, պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար: Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ շուկայական արժեքի պարզման անհնարինության դեպքում կարող է բռնագանձվել այդ գույքի ձեռքբերման արժեքի չափով գումար:

Առաջարկվում է ավելացնել ուսումնասիրություն սկսելու հիմքերը՝ ըստ որի՝ ուսումնասիրություն կարող է սկսվել նաև այն դեպքերում, երբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք:

Ըստ նախագծի՝ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ իրավասու մարմնի կողմից իրականացվող ուսումնասիրության շրջանակներում տվյալներ ձեռք բերվեն առ այն, որ այլ անձի պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք: Սակայն օրենքի գործող կարգավորումներով իրավասու մարմինը չունի լիազորություն սեփական նախաձեռնությամբ այդ անձի գույքի նկատմամբ սկսելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ: Հաշվի առնելով, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների հիման վրա հնարավոր է սկսել ուսումնասիրություն պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանող գույքի առնչությամբ՝ նախագծով առաջարկվում է համարժեք հնարավորություն ստեղծել նաև այն դեպքերի համար, երբ նշված անձանց վերաբերյալ տվյալները հայտնաբերվել են ուսումնասիրության շրջանակներում;

Առաջարկվում է նաև երկարացնել ուսումնասիրության գործողության ժամկետը, գործող օրենքով այն առավելագույնը երկու տարի է, որը բացառիկ դեպքերում կարող է երկարացվել մինչև մեկ տարի ժամկետով: Նախագծում նշվում է առավելագույնը երեք տարի ժամկետի մասին:

Նաև ավելացվում է «Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող ապօրինի ծագում ունեցող գույք» եզրույթը, և նշվում է, որ իրավասու մարմինը կարող է պահանջել ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձում, եթե առկա չեն այդ գույքի՝ հայցի ներկայացման պահի դրությամբ շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկություններ:

Նշենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին մասին օրենքն քրեաիրավական միջոց չէ, այլ քաղաքացիական հայց ներկայացնելու ինստիտուտ:

Այն թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը օրինական եկամտի աղբյուրներով չի հիմնավորվում: Նման գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է պատասխանող կողմը հերքել` գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցների ներկայացմամբ:

hetq.am