Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«5-րդ ալիքը» մանիպուլացնում է․ ՔՊ-ական պատգամավորը չի ակնարկել Փաշինյանի՝ Պուտինի եռակողմ հանդիպման հրավերը մերժելու մասին. fip.am

«5-րդ ալիքը» մանիպուլացնում է․ ՔՊ-ական պատգամավորը չի ակնարկել Փաշինյանի՝ Պուտինի եռակողմ հանդիպման հրավերը մերժելու մասին. fip.am
Հասարակություն
16:03, 26 октябрь 2022
«5-րդ ալիքի» «Հայլուր» լրատվական ծրագրի հոկտեմբերի 25-ի հիմնական թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի սպասվող հնարավոր հանդիպման մասին տեղեկություններին։ 

Հոկտեմբերի 23-ին ռուսաստանյան «Վեդոմոստի» կայքը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ Փաշինյանը և Ալիևը կարող են հանդիպել ՌԴ-ում՝ Պուտինի միջնորդությամբ եռակողմ բանակցություններ անցկացնելու նպատակով։ 

Լուրերի մեկնաբանը, հղում անելով հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի խոսքերին, պնդում է, թե վերջինս ակնարկել է՝ «Փաշինյանը կարող է մերժել Պուտինի հանդիպման հրավերը»։ 

Վերոհիշյալ ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին, թե «ի՞նչ սպասելիքներ կան Փաշինյան-Պուտին-Ալիև առաջիկա հանդիպումից», Մելքոնյանն ասել է, որ ինքը «ոչ մի լավ սպասում չունի էդտեղից»։ 

«Չգիտեմ՝ կլինի, թե չի լինի։ Կարող է և չլինի հանդիպումը, ո՞վ ա ասել, որ լինելու ա»,- ասել էր Մելքոնյանը։

Նրա այս հարցին ի պատասխան լրագրողներն ասել էին՝ «Կրեմլից են ասել», իսկ Մելքոնյանն էլ պատասխանել էր՝ «Կրեմլից ձեզ են (լրագրողներին-խմբ․) ասել, մեզ չեն ասել»։ 

Փաստացի, պատգամավոր Մելքոնյանն ընդամենը կասկածի տակ էր առնում եռակողմ հանդիպման կայանալու հնարավորությունը, և որևէ ակնարկ չէր անում Փաշինյանի՝ Պուտինի հրավերը մերժելու մասին։ 

Այսպիսով, «5-րդ ալիքի» պնդումը, թե ՔՊ-ական պատգամավորն ակնարկել է ՀՀ վարչապետի կողմից հնարավոր եռակողմ հանդիպման հրավերը մերժելու մասին, չի համապատասխանում իրականությանը։ 

Արդեն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ իր տեղեկություններով Փաշինյանը հոկտեմբերի 31-ին Սոչիում կմասնակցի ՌԴ նախագահի միջնորդությամբ Ալիևի հետ հանդիպմանը։ 

fip.am