Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրազդանի թիվ 11 դպրոցից ինքնազգացողության վատացմամբ հիվանդանոց տեղափոխված բոլոր 12 աշակերտները դուրս են գրվել․ ՔԿ-ն հարուցել է քրեական վարույթ՝ պարզելու, թե ինչ նյութ է կիրառվել դպրոցում երեխայի կողմից

Հրազդանի թիվ 11 դպրոցից ինքնազգացողության վատացմամբ հիվանդանոց տեղափոխված բոլոր 12 աշակերտները դուրս են գրվել․ ՔԿ-ն հարուցել է քրեական վարույթ՝ պարզելու, թե ինչ նյութ է կիրառվել դպրոցում երեխայի կողմից
Հասարակություն
17:09, 27 январь 2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա: Երեխաները տեղափոխվել էին Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։

ՀՀ Կոտայքի մարզպետարանի մամուլի խոսնակ Ինգա Հայիրյանը քիչ առաջ մեզ հայտնեց, որ սրտխառնոց, գլխապտույտ ախտանիշներով Հրազդանի ԲԿ տեղափոխված բոլոր աշակերտները ևս դուրս են գրվել։ «Օրվա ընթացքում մյուս որոշ ծնողներ, ապահովության նկատառումներով, իրենց երեխաներին ուղեկցել են բուժզննության Հրազդանի բժշկական կենտրոն, սակայն որևէ մեկի մոտ լուրջ խնդիրներ չեն եղել։ Ժամը 15:00-ի դրությամբ այս դեպքով Հրազդանի բժշկական կենտրոնում բուժում ստացող տուժած չկա»,- հավելեց նա։ 

Վերջինիս խոսքով՝ միջադեպի պատճառով դպրոցում խաթարված դասապրոցեսը նորմալ կընթանա երկուշաբթի օրվանից։ Հայիրյանն ասաց, որ դպրոցում որևէ գազի արտահոսք չի եղել, խնդիրը առաջացել է երեխայի կողմից կենցաղային լեզվով ասած՝ գազային փոքր բալոնչիկ օգտագործելու հետևանքով, և դեպքի առիթով զբաղվում է Քննչական կոմիտեն։ 

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեռ հայտնի չէ՝ ինչ նյութ է կիրառվել երեխայի կողմից։ Որոշ տեղեկություններով՝ դա եղել է «գազային բալոն» ինքնապաշտպանական միջոց։ Հարուցվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը. «Դրա շրջանակներում ընթանում է նախաքննություն, որի արդյունքում կպարզվեն բոլոր հանգամանքները, դրանից հետո կարող ենք հետաքրքրող հարցերի պատասխանը տալ, այդ թվում՝ ինչ նյութ է օգտագործվել»։