Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիրիայի կողքին ենք և պատրաստ օժանդակել փորձությունները հաղթահարելու ճանապարհին. ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Սիրիայի դեսպանին

Սիրիայի կողքին ենք և պատրաստ օժանդակել փորձությունները հաղթահարելու ճանապարհին. ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Սիրիայի դեսպանին
Հասարակություն / Իրավունք
21:11, 13 февраль 2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարը, ողջունելով դեսպանին, արժևորել է երկու ժողովուրդների փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված ավանդական, բարեկամական կապերը՝ այդտեղ  կարևորելով նաև սիրիահայ համայնքի  ունեցած դերը: Ժաննա Անդրեասյանն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու Սիրիային աղետալի երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում. «Մենք ձեր կողքին ենք և պատրաստ ենք հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել ստեղծված դժվարին իրավիճակն ու փորձությունները հաղթահարելու ճանապարհին: Կարծում եմ՝ համատեղ ջանքերը կնպաստեն աղետի հետևանքների և վնասների վերականգնմանը: Հավաստիացնում եմ՝ այդ ջանքերը կշարունակվեն այնքան, որքան դրանց կարիքը լինի»:
Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել աղետի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակի մանրամասները:

Դեսպանը Սիրիայի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերած աջակցության համար՝ բարձր գնահատելով ՀՀ կառավարության ջանքերը՝ սատարելու Սիրիային այս դժվարին ժամանակներում. «Խորապես զգացված և շնորհակալ ենք այն աջակցության համար, որ Հայաստանի կառավարությունն աղետի առաջին իսկ օրվանից ցուցաբերեց Սիրիային: Բացի մարդասիրական օգնությունից՝ մեզ համար շատ կարևոր էր նաև այն, որ Հայաստանը Սիրիա ուղարկեց որոնողափրկարարական թիմերի: Մենք նրանց կարիքն իսկապես շատ ունեինք»:

Դեսպանի խոսքով՝ Սիրիայի Լաթաքիա, Հալեպ, Համա նահանգներում երկրաշարժի հետևանքով ավերվել և վնասվել են պատմամշակութային մի շարք կարևոր կոթողներ, փլուզվել կամ վնասվել է շուրջ 250 դպրոց:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ առաջ գնալու պատրաստակամությունն ու հաստատակամությունը մեծապես կօգնեն հաղթահարելու առաջացած դժվարությունները: Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է նաև բոլոր ուղղություններով փոխհամագործակցության հեռանկարները դիտարկելու հնարավորությունը:

Նախարարը կարևորել է նաև միջբուհական համագործակցության զարգացումը՝ ընդգծելով Դամասկոսի համալսարանի հայագիտական բաժնի գործունեությունը և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը.

«Մեր երկու երկրների համար, կարծում եմ, սա շատ կարևոր նշանակություն ունի: Ուրախ եմ, որ Ձեր անձնական գործունեությունը ևս մեծ նպաստ է բերել այս նախագծին: Պատրաստ կլինենք նաև նոր ծրագրերի մասին խոսել: Հետաքրքրված ենք մեր բուհերում Սիրիայի քաղաքացիների ուսուցման հնարավորությամբ: Գիտեմ, որ սերտորեն համագործակցում եք Երևանի պետական համալսարանի հետ: Արաբերենի ուսուցման տեսանկյունից այդ համագործակցությունը ևս կարևորում ենք: Կրթական տարբեր մակարդակներում խրախուսում ենք տարածաշրջանային լեզուների ուսուցումը: Այդ իսկ պատճառով պատրաստ ենք հասկանալ նաև դպրոցներում արաբերենի ուսուցման հնարավորությունները: Հասկանալի է՝ այս օրերին մեր առաջնային հարցերը մի փոքր այլ են, բայց իրավիճակի կարգավորմանը զուգընթաց՝ պատրաստ ենք նաև համագործակցության հեռանկարները դիտարկել»,- ասել Ժաննա Անդրեասյանը:

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարը բարձր է գնահատել նաև նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարության միջև կրթության և գիտության բնագավառում 2022-2027 թթ. համար համագործակցության մասին ծրագրի ստորագրումը և հայտնել նախարարության պատրաստակամությունը, ըստ անհրաժեշտության, այն արդիականացնելու:
Կողմերը քննարկել են փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը կրթության, հետազոտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում: