Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանության ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու նպատակով կառավարությունն առաջարկում է ատեստավորման համակարգ ներդնել. Նախագիծ

Ոստիկանության ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու նպատակով կառավարությունն առաջարկում է ատեստավորման համակարգ ներդնել. Նախագիծ
Հասարակություն
12:34, 17 февраль 2023
Հաշվի առնելով ոստիկանության գործառույթների տիրույթում առկա մարտահրավերները՝ կառավարությունը  հրամայական է համարում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը համալրել որակյալ, բանիմաց և բարեվարք կադրերով՝ գրավիչ դարձնելով ոստիկանությունում ծառայությունը, ինչպես նաև կանխել կադրերի արտահոսքը համակարգից՝ ոստիկանության ծառայողների համար նախատեսելով լրացուցիչ սոցիալական երաշխիքներ: ՀՀ ՆԳ նախարարությունը «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր է մշակել, որոնց ընդունումը պայմանավորված է «ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, ոստիկանության ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ»։ 

Առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Ատեստավորման կարգը, ինչպես նաև հավելավճարի չափերը և վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ:

Ատեստավորման գործընթացը նախատեսվում է իրականացնել հետևյալ հայեցակարգային դրույթների հիման վրա: Մասնավորապես.
  1. Ատեստավորման գործընթացը, որպես Ոստիկանության ծառայողների աշխատավարձի բարձրացման գործիքակազմ, մեկնարկելու է 2023 թվականի ապրիլ ամսից:
  2. Ատեստավորման ծրագրի գործողության ժամկետը 3 տարի է, որը հաշվարկվում է առաջին խմբի ատեստավորման օրվանից:
  3. Ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունից օգտվելու են Ոստիկանության բոլոր ծառայողները՝ անկախ պաշտոնի խմբից (նաև ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ոստիկանական հաստիք զբաղեցնող ծառայողները):
  4. Առաջին անգամ ատեստավորում անցնող ծառայողների համար վերապատրաստում անցնելու պահանջ կամ հնարավորություն չի նախատեսվելու, բացառությամբ առանձին դեպքերի:
Ատեստավորման դիմելու համար ծառայության ստաժի սահմանափակում չի նախատեսվելու: Կարգապահական տույժի առկայությունը, ինչպես նաև ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակված լինելու հանգամանքը հիմք չէ ատեստավորումը չթույլատրելու համար:

Ատեստավորումը չհաղթահարած ծառայողին, ատեստավորման ծրագրի գործողության 3-ամյա ժամկետում, տրվելու է վերաատեստավորման հնարավորություն: Ատեստավորման ծրագրի գործողության 3-ամյա ժամկետի ընթացքում ատեստավորման համար չդիմելու (ատեստացիա չանցնելու), ինչպես նաև ատեստացիայի անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում ծառայողները զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով ենթակա են Ոստիկանությունում ծառայությունից ազատման:

Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունքը պահպանվում է 5 տարի 6 ամիս՝ բացառությամբ պաշտոնեական առաջխաղացմամբ, ինչպես նաև ծառայության բնույթի փոփոխությամբ պայմանավորված նոր պաշտոնի նշանակման, որի դեպքում ծառայողը ենթակա է վերապատրաստման և ատեստավորման: Ատեստավորվելու օրվանից 4 տարին լրանալուց հետո ծառայողը կրկին ձեռք է բերում ատեստավորվելու համար դիմելու իրավունք, որը պետք է իրացնի առաջին ատեստավորման օրվանից սկսած 5 տարի 6 ամիս ժամկետում:

«Նախագծի ընդունման արդյունքում ոստիկանությունում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն՝ միաժամանակ բարձրացնելով ոստիկանության ծառայողների աշխատավարձերը»,- նշված է կից ներկայացված հիմնավորման մեջ։