Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում արդեն 50 օր է՝ օրական 6 անգամ անջատում ենք էլեկտրաէներգիան, մոտենում ենք նրան, որ ավելի շատ հովհարային անջատումներ կլինեն․ խնդրի լուծումը՝ Հայաստանի հետ էլեկտրահաղորդման գծի վերականգնումն է․ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ գլխավոր ինժեներ

Արցախում արդեն 50 օր է՝ օրական 6 անգամ անջատում ենք էլեկտրաէներգիան, մոտենում ենք նրան, որ ավելի շատ հովհարային անջատումներ կլինեն․ խնդրի լուծումը՝ Հայաստանի հետ էլեկտրահաղորդման գծի վերականգնումն է․ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ գլխավոր ինժեներ
Հասարակություն
19:00, 28 февраль 2023
«Արդեն 50 օր է՝ օրական 6 անգամ մեկ ժամով անջատում ենք Արցախի էլեկտրաէներգիան։ Հունվարի 9-ից Հայաստանից Արցախ մտնող էլեկտրահաղորդման օդային գիծը վթարված է Լաչինի այն հատվածում, որտեղ ոչ հայերը, ոչ էլ ռուս խաղաղապահները չունեն մուտք գործելու հնարավորություն»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ գլխավոր ինժեներ Արմեն Գասպարյանը։

Նա տեղեկացրեց, որ Արցախի բնակիչներին ու խոշոր տնտեսություններին էլեկտրաէներգիա ապահովում են տեղի ՀԷԿ-երը՝ օգտագործելով պահուստային ջուրը, որի հետևանքով էլ Սարսանգի ջարմաբարի ջրի մակարդակը մոտ 20 մետր իջել է․ «Առանց Հայաստանի հետ ցանցի աշխատելու շատ դժվար ռեժիմ է մեզ համար, որովհետև դժվար է և՛ հաճախականությունը կարգավորել, և՛ լարումը` պահուստային ջուրն է իջնում։ Սարսանգի ջրամբարի ջուրը մեր պահուստային ջուրն է, որ կարողանանք արտակարգ իրավիճակներում օգտագործել, հիմա չենք կարող պլանավորել, թե հաջորդ ձմեռ ինչ է լինելու: Հատկապես, երբ գազն էլ են անջատում արդեն մեծ քանակով ջուր ենք օգտագործում՝ էլեկտրաէներգիա արտադրելու համար»,- ասաց Արմեն Գասպարյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ավելի քան 30 ՀԷԿ-եր, որոնք Արցախում էլեկտրաէներգիա էին արտադրում, 44-օրյա պատերազմից հետո մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, հիմա 36 ՀԷԿ-երից 6-ն են մնացել։ 

«Արցախում էլեկտրաէներեգիա արտադրողները «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի տիրույթում գտնվող 5 ՀԷԿ-երն են, այդ թվում՝ «Սարսանգի» ՀԷԿ-ը, ինչպես նաև Արցախում գործում է մեկ մասնավոր ՀԷԿ»,-նշեց «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ գլխավոր ինժեները։

Արմեն Գասպարյանը հավելեց, որ միշտ աշխատել են բարձր պահել ջրամբարի ջրի մակարդակը, որովհետև և՛ բարձր հզորություն են այդպիսով ապահովվում, և՛ ջրի ծախսը՝ 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրության համար ավելի ցածր է լինում․

 «Այս մակարդակում քիչ հզորություն ունենք՝ մեր ՀԷԿ-ի հզորությունը 50 մեգավատ է, բայց մենք  30 մեգավատից ավելի չենք կարողանում արտադրել և ջրի ծախսն էլ է ավելի մեծ։ Մենք մոտենում ենք այն եզրին, որ գնալով հզորությունն իջնում է, այսինքն՝ ավելի շատ հովհարային անջատումներ պետք է կատարվեն՝ համակարգը պահելու համար»,-ասաց Արմեն Գասպարյանը։

Անդրադառնալով Արցախում այլընտրանքային էներգիայի ապահովման հնարավորությանը՝ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ գլխավոր ինժեները մեկնաբանեց, որ արևային մեծ կայաններ տեղադրելու համար մեծ տարածություններ են պետք, որտեղ ստվեր չլինի, սարերը չխանգարեն։
 «Արևային կայանը գիշերը էլեկտրաէներգիա չի արտադրում, միայն արևի ժամանակ է արտադրում, պետք է տեղադրել սարերի վրա, դա էլ հեռու է սպառողներից, այսինքն՝ ենթակառուցվածքներ պետք է լինեն։ Եթե մասնավորները տանիքներում տեղադրեն արևային կայաններ, դա շատ կօգնի, բայց խոշոր սպառողների համար արևային կայան տեղադրելու համար ոչ բավարար տարածություն կա, ոչ էլ այդքան մեծ գումարներ ներդրող կա, հատկապես, երբ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակ է։ Հիմա Արցախում մեծ հզորության արևային կայաններ չկան, որոնք էլ կան՝ փոքր տնտեսությունների, մասնավոր տների համար են»,-ասաց մեր զրուցակիցը։ 
Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում խնդրի լուծումը և ի՞նչ վտանգ կա, եթե չվերականգնվի Հայաստանից Արցախ մտնող էլեկտրահաղորդման օդային գիծը, գլխավոր ինժեները ընպատասխանեց․ «Եթե հարցը չլուծվի՝ ջրամբարի ջուրը կվերջանա և մինչև այդքան ջուր լցվի, որ կարողանանք էլեկտրաէներգիա արտադրել՝ պետք է մի քանի ամիս մնանք առանց էլեկտրաէներգիա, որովհետև փոքր ՀԷԿ-երը չեն կարող առանց մեծ ՀԷԿ-ի աշխատել։ 5 փոքր ՀԷԿ ունենք գործող, բայց առանց ցանցի, առանց «Սարսանգի» ՀԷԿ-ի չեն կարող աշխատել, նույնիսկ, եթե գետերի ջրերն ավելանան։ Հարցի լուծումը Հայաստանի հետ էլեկտրահաղորդման գծի վերականգնումն է, անկախ նրանից գազը կլինի, թե ոչ»,-նշեց Արմեն Գասպարյանը։   

«Շտիգեն գրուպ»-ը 2022թ․ապրիլից մեկնարկել է «Արևածագ Արցախում» նախագիծը։ Ընկերության հանրային կապերի պատասխանատու Արփի Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի էներգետիկ ռեսուրսները մնացին Ադրբեջանի տիրապետության տակ «Շտիգեն գրուպ»-ը բարերարների հետ համատեղ սկսեց իրականացնել Արցախում արևային ջրատաքացուցիչների ու կայանների տեղադրում։ Նրա խոսքով՝ մինչ ադրբեջանցիների կողմից Հայաստանը Արցախին կապող միակ՝ Լաչինի ճանապարհի փակելը, ընկերությունը արևային կայաններով ապահովել է 2 կառույցի, այդ թվում՝ Ստեփանակերտի Արևիկ մանկական հիվանդանոցին («Արևիկ» բուժմիավորում ՓԲԸ) ու մոտ 120 խոցելի ընտանիքների համար տեղադրվել է արևային ջրատաքացուցիչներ, սակայն ճանապարհի փակ լինելու պատճառով աշխատանքները հնարավոր չէ շարունակել։ 
 
«Շտիգեն գրուպ»-ի Արցախի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն էլ հավելեց․ «Հիմա ճանապարհը փակ է և որոշ ընտանիքների համար նախատեսված ջրատաքացուցիչները մնացել են Գորիսում, իսկ Արցախի պահեստում գտնվող ջրատաքացուցիչները հնարավոր չէ տեղադրել՝ նախ վառելիք չկա, որ տեղափոխվեն համապատասխան վայրեր, և երկրորդ՝ որոշ մասեր են անհրաժեշտ, որոնք հնարավոր չէ ձեռք բերել Արցախում։ Մարտունու արհեստագործական ուսումնարանում ևս պետք է արևային կայան տեղադրենք, բայց դա էլ է մնացել Գորիսում»։ 

Արմեն Խաչատրյանի խոսքով՝ նաև նախագիծ են մշակել Արցախում կառուցել արևային մեծ էլեկտրակայան, որը ցանցը բեռնաթափելու հնարավորություն կտա։ Թեպետ դեռ բավարար ներդրումներ չկան, սակայն ընկերության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ արևային կայանի կառուցման համար արեն նախատեսել են համապատասխան տարածք։ «Արցախում արևային օրերի քանակը հաշվարկում ենք տարեկան 300 օր, եթե օրինակ՝ 500 մլն սպառում կա, այդ կայանի կառուցմամբ կապահովենք 10 մլն-ը»,-եզրափակեց Արմեն Խաչատրյանը։

Նարա Մարտիրոսյան