Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սումգայիթից Լաչին․ թույլ մի՛ տվեք պատմությունը կրկնվի»․ ուսանողները երթ արեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ․ լուսանկարներ

«Սումգայիթից Լաչին․ թույլ մի՛ տվեք պատմությունը կրկնվի»․ ուսանողները երթ արեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ․ լուսանկարներ
Հասարակություն
18:14, 28 февраль 2023
35 տարի առաջ այս օրերին ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային ջարդեր, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, իսկ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։

Այսօր մի քանի տասնյակ ուսանողներ ինքնաբուխ երթով գնացին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ՝ միջազգային հանրությանը հիշեցնելու, թե ինչ է տեղի ունեցել Ադրբեջանում ապրող հայ բնակչության հետ և թույլ չտալու, որ նույնն այսօր կատարվի։

ՀՊՄՀ ՈՒԽ անդամ Գոռ Ավալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հիմա ինչ կատարվում է Արցախում՝ պատմության կրկնությունն է։ 
«Մենք շատ-շատ անգամներ համոզվել ենք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Եվ այս հավաքով փորձում ենք աշխարհին ցույց տալ, որ այն ինչ կատարվում է չպետք է թողնել, որ ունենա նույն ազդեցությունը, ինչը որ եղել է Սումգայիթում, Բաքվում եւ էլի շատ-շատ քաղաքներում, որտեղ ապրել են հայերը »,-ասաց նա։

Նրա կարծիքով՝ թուրքերի ու ադրբեջանցիների հետ լավ հարաբերություններ ունենալուց առաջ նախ պետք է հարթել այն բոլոր խնդիրները, որոնք կան նաև մեր ժողովրդի մեջ․ «Երբ վերանա միմյանց մեղադրելը և նմանատիպ այլ հարցեր, ինձ թվում է նոր դրանից հետո կարող ենք հասնել այն մակարդակին, որ խոսենք թուրքերի եւ ադրբեջանցիների հետ՝ լավ ապրելուց»։

Երթի ընթացքում ուսանողները պարզել էին անգլալեզու պաստառներ, որոնց վրա գրված էր՝ «Սումգայիթից Լաչին․ թույլ մի՛ տվեք պատմությունը կրկնվի», «Թույլ մի տվեք 120 000 հայեր միայնակ մնան ադրբեջանական բլոկադայում» և այլն։

Հասնելով ՄԱԿ-ի գրասնեյակ, ուսանողները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը՝ դա անելով գրասենյակի շենքին մեջքով կանգնած։