Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկրաշարժի հետևանքով Դաշտավան գյուղում միայնակ մայրը անօթևան է մնացել 2 անչափահաս երեխաների հետ. այրվել է նրանց վագոն-տնակը

Երկրաշարժի հետևանքով Դաշտավան գյուղում միայնակ մայրը անօթևան է մնացել 2 անչափահաս երեխաների հետ. այրվել է նրանց վագոն-տնակը
Հասարակություն
19:22, 18 февраль 2021
Փետրվարի 13-ին Մասիս քաղաքում և Երևանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակչուհի, 2 անչափահաս երեխաների մայր Արփինե Գասպարյանը կորցրել է միակ օթևանը։ 

Ընտանիքն ապրում էր վագոն տնակում, որը երկրաշարժի հետևանքով այրվել է։ Երկրաշարժի ժամանակ ցնցումից հեռուստացույցը վայր է ընկել և պայթել։ Տնակում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այն ամբողջությամբ այրվել է։ 

«Ամսի 13-ն էր, մեր եկեղեցում խարույկ էին վառել։ էրեխեքը ասացին՝ մամ, արի՛ գնանք եկեղեցի։ Տնից դուրս գալուց հոսանքը ներսից անջատել էի, բացարձակապես ոչ մի բան չկար միացված։ Հասանք եկեղեցի ու հարևանուհիս զանգեց, թե հեռուստացույցը պայթել է, երկրորդ ցնցման ժամանակ, հոսանքը, չգիտեմ ոնց է եղել, դրսից, տնակի վերևից տվել, հեռուստացույցը պայթել է ու ամբողջությամբ տնակը այրվել է»,- պատմեց Արփինեն։

Նրա խոսքով՝ տան իրերը՝ հեռուստացույց, նոր գնած սառնարան, հագուստ, ամեն ինչ արվել է՝ մինչ հրշեջ ծառայության կողմից կրակի մարումը։ 

Կնոջ խոսքով՝ նա փորձել է դիմել տարբեր մարմինների՝ օգնություն ստանալու նպատակով: «Երեկ ԱԻ նախարարության աշխատակիցն է եկել, թուղթ է գրել, բայց ասում է չեմ կարող ասել, կօգնեն թե՝ չէ, քո վնասը 2 միլիոնն անց է։ Գյուղապետն էլ ասում է կարող եմ օգնել, բայց այդքան շատ չէ։ Պետականորեն, ասում է, 50 հազար կարող եմ օգնել»,- պատմում է Արփինեն։ 

Արփինեն միայնակ մայր է, մշտական աշխատանք չունի։ Հողագործությամբ է զբաղվում ու «Փարոս» ծրագրով օգնություն ստանում։ Երեխաները դպրոցական են,15 և 12 տարեկան։ 

Այս պահին ընտանիքը ժամանակավորապես ապաստանել է բարեկամների տանը՝ հուսալով, որ խնդիրը կլուծվի։ 

Արարատի մարզպետարանից Civic.am-ին պատասխանեցին, որ իրենք տեղյակ չեն դեպքի մասին։ «Պետք է ԱԻՆ-ն ու գյուղապետարանը կազմեն վնասների չափի մասին արձանագրություն, այնուհետև դա ուղարկեն մարզպետարան, որպեսզի այն դրվի այստեղ քննարկման և հնարավոր լինի օգնել»,- փոխանցեցին մարզպետարանից՝ վստահեցնելով, որ կզբաղվեն խնդրով, երբ ստանան ԱԻՆ-ի ու գյուղապետարանի արձանագրությունը։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից չկարողացանք մեկնաբանություն ստանալ անօթևան մնացած ընտանիքի դեպքի առթիվ։
 
Սյուզի Սիրականյան