«Մհերի արածը դեպի նորմալ երկիր, դեպի նորմալ ազգի կարգավիճակ վերադարձի առաջին քայլն էր». Ալեն Սիմոնյանին վիրավորած կանադահայ դաշնակցականը ոգեշնչվել էր Մհեր Սահակյանի գործած խուլիգանությամբ՝ միջադեպից 1 օր առաջ ողջունելով այն
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Կանադահայ դաշնակցական Կարեն Մկրտչյանը, որը Կասկադում վիրավորել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, միջադեպից մեկ օր առաջ կիսվել էր մեկ այլ դաշնակցականի՝ պատգամավոր Մհեր Սահակյանի բռունցքի լուսանկարով, և նրա գործած խուլիգանությունը ողջունող գրառում արել:
«Իշխանական լծակների միապետական զավթումն ու օրենքի կողմնակալ կիրառումը բնականաբար ծնում է ուժային հակազդեցություն: Նորմալ երկրում հայրենիք հանձնողները երբե՛ք, մի րոպե իսկ հանգիստ չպետք է քայլեին: Մհերի արածը դեպի նորմալ երկիր, դեպի նորմալ ազգի կարգավիճակ վերադարձի առաջին քայլն էր»,- գրել էր կասկադներում զբոսնող, հայրենիքի պաշտպանությանը չմասնակցած, ՊՆ եռամսյա հավաքներին վստահաբար չմասնակցող Մկրտչյանը: Ի դեպ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, խորհրդարանում մարտնչող ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը խուսափել է բանակում ծառայելուց։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի փակ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Մհեր Սահակյանը հարձակվել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել նրան և վազելով փախել հանձնաժողովի սենյակից, ինչից հետո Վարդանյանը տեղափոխվել էր հիվանդանոց, և կար դնելու անհրաժեշտություն էր առաջացել։ Իսկ հաջորդ օրը Կարեն Մկրտչյանը, ոգևշնչված իր կուսակցականի արարքից, քաղաքում զբոսնող Ալեն Սիմոնյանին տեսնելով՝ նրա ուղղությամբ գոռացել էր դավաճան, և հետո հայտարարել, թե Ալեն Սիմոնյանը թքել է իր երեսին։
Երևանի կենտրոնի զբոսայգիներում ու խորհրդարանում մարտնչող դաշնակցականներին թերևս պետք է կտրել լոկալ մարտերից ու անհապաղ ներառել ՊՆ եռամսյա հավաքներին և ուղարկել սահման՝ հայրենիքը պաշտպանելու։