Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջին իսկ հնարավորության դեպքում փորձելու եմ Արցախ այցելել՝ ցույց տալու մարդու իրավունքների այն խնդիրները, որոնք այնտեղ առկա են․ ՀՀ ՄԻՊ

Միջազգային հանրության հետ ակտիվ աշխատանքներ եմ իրականացնում, բոլոր միջազգային հնարավոր դերակատարներին անընդհատ այս խնդիրը բարձրաձայնում եմ, իրենց հետ քննարկում եմ խնդրի լուծման ուղիները։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Civic.am-ի այն հարցին, թե որպես ՄԻՊ ինչ քայլեր է ձեռնարկում Շուշիի շրջափակման մեջ գտնվող շրջանների բնակիչների ազատ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ։ 
 
«Դիմելու եմ նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կազմակերպություններին՝ միգուցե հնարավոր լինի խնդրին լուծում տալ»,- հավելեց նա ու ընդգծեց, որ Արցախի ՄԻՊ-ի հետ ամենօրյա կապի մեջ է։

Հարցին՝ փորձելո՞ւ եք այցելել Շուշիի այն շրջանները, որոնք ամբողջությամբ շրջափակման մեջ են, Անահիտ Մանասյանն արձագանքեց. «Առաջին իսկ հնարավորության դեպքում փորձելու եմ Արցախ այցելել, որովհետև շատ կարևոր է ցույց տալ մարդու իրավունքների պաշտպանության այն խնդիրները, որոնք այնտեղ առկա են։ Ես այս պահին փորձում եմ գտնել հնարավոր տարբերակներ իմ այդ ցանկությունն ի կատար ածելու համար»։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները զրկված են Ստեփանակերտ մեկնելու հնարավորությունից՝ ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով։ Նշված բնակավայրերի բնակիչները սնունդ ու անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու համար հասնում էին Գորիս, իսկ ապրիլի 23-ից Ադրբեջանը փակել է նաև Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը և անցակետ տեղադրել, իբրև թե Հայաստանի կողմից անօրինական կերպով օգտագործվող այդ ճանապարհի վրա հսկողություն սահմանելու համար։  

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ նշված համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ։

Նարա Մարտիրոսյան