Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մամուլը դարձել է քաղաքական համակարգի մաս․ գործ ունենք ոչ թե տեղեկատվական դաշտի, այլ քաղաքական պայքարի հետ․ Աշոտ Մելիքյան

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Միավորված ազգերի կազմակերպությունը 1993թ. մայիսի 3-ը սահմանեց Մամուլի ազատության համաշխարհային օր: Այս տարեթիվն ընտրվել է՝ նշանավորելու 1991թ. մայիսի 3-ին Վինդհուքում (Նամիբիա) ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված աֆրիկյան մամուլի անկախության ու բազմակարծության աջակցման հռչակագիրը: 

Այդ որոշումն ընդունելուց հետո յուրաքանչյուր տարի մայիսի 3-ին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, քննարկումներ՝ ուղղված ազատ մամուլի պաշտպանությանը, աշխարհում մամուլի ազատության գնահատմանը, ինչպես նաև մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակին:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարին հոբելյանական է՝ մամուլի ազատության օրը նշվում է  30-րդ անգամ, և այն ամեն անգամ նշվում է տարբեր խորագրերի ներքո։
Այս տարվա խորագիրն է «Արտահայտման ազատությունը՝ որպես մարդու այլ իրավունքների շարժիչ ուժ»։ Եվ այս առումով միջազգային հանրությունը և հատկապես ՄԱԿ-ը ուզում են ընդգծել, որ մարդու այլ իրավունքները  սերտորեն կապված են խոսքի ազատության հետ։
Խոսելով այսօր Հայաստանում խոսքի ազատության մասին՝ Աշոտ Մելիքյանն ասաց, որ տոնը լավ առիթ է խնդիրների մասին խոսելու համար։  

Նա նշեց՝ հասկանալի է, որ հետհեղափոխական շրջանում ակնհայտ առաջընթաց գրանցվել է, համենայնդեպս դժվար է հիշել որևէ նախորդ ռեժիմի պարագայում, որ այսքան մասնավոր հեռուստաընկերություններ լինեին՝ ընդդիմադիր կեցվածքով։ 

«Այդպիսի փորձ եղել է նույն «Ա1+»-ի հետ 2002 թվականին, և անմիջապես այդ հեռուստաընկերությունը Ռոբերտ Քոչարյանի օրոք փակվեց։ Եվ մնացած տարիների ընթացքում դա դաս էր բոլոր այլ հեռարձակողների համար, թե ինչպես է պետք վարվել, և որևէ լուրջ քննադատություն իշխանությունների հասցեին մենք հիշում ենք, որ չի լինում»,- ասաց Աշոտ Մելիքյանը։ 

Ինչ վերաբերում է խնդիրներին՝ Աշոտ Մելիքյանն  ասաց, որ դրանց ևս պետք է իշխանությունն ուշադրություն դարձնի, խոսքը վերաբերում է լրագրողների նկատմամբ բռնություններին՝ մասնավորապես զանգվածային միջոցառումների ժամանակ, և կապ չունի՝ այն  կազմակերպվել է ընդդիմության, թե իշխանության կողմից, իսկ բռնությունը հիմնականում տեղի է ունենում իրավապահների կողմից։ 

Վերջինս  նաև նշեց, որ հազվադեպ է, բայց այս տարվա առաջին եռամսյակում նման դեպքեր չեն արձանագրվել։ 

Խոսելով նաև ռազմական դրության ժամանակ ԶԼՄ-ների աշխատանքի և իշխանության գործելաոճի մասին՝ Աշոտ Մելիքյանն ասաց, որ աշխատանք է պետք կատարել ԶԼՄ-ների հետ, ուժային կառույցները պետք է ունենան իրենց ուղեցույցները՝ ոչ թե իրենց պատկերացումների հիման վրա ստեղծված, այլ հիմնված միջազգային փորձի վրա։ Բացի դրանից, կարող են լինել օրենսդրական սահմանափակումներ, որոնք պետք է լինեն շատ հստակ։    

«Թե չէ այն, ինչ այսօր շրջանառվում է, ուղղակի իշխանություններն իրենց իրավունք են վերապահում ցանկացած պահի վերցնել ռուբիլնիկը, անջատել և ասել, որ ինտերնետ հասանելիությունը մենք համարում ենք վնասակար, ինչը չի կարող նորմալ դիտվել։ Էլ չեմ ասում, որ եթե իշխանությունը բավականաչափ հմտություն և համապատասխան մասնագետներ ունի, ոչ թե ինտերնետը պետք է չարիք համարի, այլ  օգտագործի որպես շատ լավ գործիք՝ տեղեկատվական պատերազմ վարելու համար»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Նա նաև խորհուրդ է տալիս, որ պատերազմական իրավիճակում իշխանությունները լրագրողներին ընկալեն ոչ թե որպես հակառակորդ, այլ որպես դաշնակից:

 Աշոտ Մելիքյանը նշեց, որ լրատվական դաշտը շատ խիստ բևեռացված է, և այն համապատասխանում է քաղաքական դաշտի բևեռացվածությանը, հասարակության բևեռացվածությանը, և այդ հանգամանքը նշում են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և կոչ անում ուղիներ գտնել՝ դա հաղթահարելու համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան