Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իրենց չէր սազում, շատ սխալ բան են արել», «Թող փորձեին Քոչարյանի, Սերժի երեխեքից մեկին առեւանգել՝ ամբողջ ընտանիքին սրի կքաշեին». քաղաքացիների արձագանքը՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձին

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի, այնուհետև նրան վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ Civic.am-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու մարդկանց վերաբերմունքը տեղի ունեցածի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանի հաղորդման հիմքով Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով։

Վարչապետի որդին պատմել է, որ Վերաքննիչ դատարանի մոտ իրեն մոտեցել են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։ Ըստ ցուցմունքի՝ Փաշինյանը կանանցից մեկի առաջարկով նստել է մոտակայքում կայանված նրա ավտոմեքենան, որ հանգիստ զրուցեն, բայց կինն անսպասելի սկսել է վարել մեքենան՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։

Նշված կինը ավտոմեքենայում սկսել է խոսել 2020թ. պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: 

Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել: 
Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով՝ նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք: 

Հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Առերևույթ իր կամքին հակառակ Ա. Փաշինյանին ավտոմեքենայով նշված տարածքից տեղափոխելու միջոցով առևանգելու հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա Ոստիկանության կողմից նշված կինը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։  

Ձեռնարկվել են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ներգրավված անձանց արարքներին իրավական գնահատական տալու նպատակով։ Միջոցներ են ձեռնարկվել տեսագրող սարքերի՝ վերաբերելի տեսագրություններն առգրավելու ուղղությամբ։ Ա. Փաշինյանի ստացած վնասվածքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։