Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առևանգման դեպքով ձերբակալված կնոջ փաստաբանի տարածած տեսանյութը չի հերքում Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպում հանցակազմի առկայությունը. fip.am

Առևանգման դեպքով ձերբակալված կնոջ փաստաբանի տարածած տեսանյութը չի հերքում Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպում հանցակազմի առկայությունը. fip.am
Հասարակություն
16:52, 18 май 2023
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով, որ այն հերքում է Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպում հանցակազմի առկայությունը:

«ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածը (մարդուն առևանգելը) պատասխանատվություն է նախատեսում անձին առևանգելու համար, որը կատարվել է.
  1. Իր կամքին հակառակ
  2. կամ նրա կամքը անտեսելով
  3. կամ նրա անօգնական վիճակն օգտագործելով»,- գրել է նա:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է մայիսի 17-ին տեղի ունեցած դեպքերի ընթացքն ըստ հաղորդագրությունների ու տեսանյութերի՝ հասկանալու, թե արդյո՞ք փաստաբանի վկայակոչած տեսանյութը հերքում է առևանգման փաստը: 

Ինչ է հայտնի դեպքի մասին


«Հայկական ժամանակը» մայիսի 17-ին հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:

Ըստ կայքի տեղեկությունների՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, որոնք ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս նետվել, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել այդ մեքենայի հետևից ընթացող՝ նույն կազմակերպության անդամների մեքենան:

Ի պատասխան՝ հասարակական կազմակերպության անդամները հաղորդագրություն տարածեցին՝ հերքելով կայքի տեղեկությունները. «Բացառապես մայրերով մոտենալով Ա. Փաշինյանին առաջարկել են նստել իրենց իսկ մեքենան, խոսել և միասին գնալ Եռաբլուր։  Աշոտ Փաշինյանը առանց առարկումների, առանց որևիցե մեկի միջամտության նստել է մայրերից մեկի մեքենան և ճանապարհ ընկել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։ Այնուհետև ճանապարհին այդպես էլ մեզ համար անհասկանալի պատճառով Ա. Փաշինյանը իրեն դեն է նետել ավտոմեքենայից»։ 

Երեկոյան միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն տարածեց Քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ ձերբակալվել է մեկ անձ և նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ըստ Փաշինյանի հաղորդման՝ Վերաքննիչ դատարանի բակում մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։ 

«Ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020 թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ»,- նշված է հաղորդագրությունում:

Այնուհետև Քննչական կոմիտեն ներկայացրել է, թե ինչպես է Աշոտ Փաշինյանը դուրս նետվել մեքենայից և հարված ստացել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայից, որի մեջ, ըստ նրա, եղել են դատարանի մոտ կանգնած ծնողները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում