Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մանկապարտեզում «տեռոր» անելու սպառնալիքից մինչև Աշոտ Փաշինյանի առևանգման փորձ․ ինչո՞ւ էր բացահայտ սպառնալիքներ հնչեցնող խումբը գտնվում իրավապահների հսկողությունից դուրս

Մանկապարտեզում «տեռոր» անելու սպառնալիքից մինչև Աշոտ Փաշինյանի առևանգման փորձ․ ինչո՞ւ էր բացահայտ սպառնալիքներ հնչեցնող խումբը գտնվում իրավապահների հսկողությունից դուրս
Հասարակություն
19:30, 17 май 2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ ժամը 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել: 

ՀՀ ոստիկանությունից Civic.am-ին հայտնեցին, որ այդ բովանդակությամբ հաղորդում ոստիկանությունում ստացվել է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, կազմված փաստաթղթերը կուղարկվեն Քննչական կոմիտե։

Նախնական տեղեկություններով՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել հետևից ընթացող նույն կազմակերպության մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի: Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին:

Նշենք, որ ինչպես հայտնում է ՀԺ-ն, «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ է նաև Գարիկ Գալեյանը, որը ևս մասնակցել է Աշոտ Փաշինյանի առևանգմանը:

Նշենք նաև, որ Գարիկ Գալեյանը կայքերից մեկին հարցազրույց է տվել և ասել, որ ինքը վարչական դատարանի մոտ է տեսել Աշոտ Փաշինյանին, բայց մեքենայի մեջ չի էլ եղել, մատով անգամ չի կպել, չի էլ խոսել հետը։ 

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը հաճախ է աչքի ընկնում ոչ հավասարակշիռ պահվածքով, նա 2022 թվականին էլ սպառնում էր ահաբեկչությամբ՝ դպրոց ու մանկապարտեզ գրավելով:

Իսկ 2022 թվականի մայիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել Գարիկ Գալեյանին՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում N զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու համար։ Նրա հետ ապօրինի կերպով զորամաս էին մուտք գործել ևս մի խումբ անձինք։

Գարիկ Գալեյանը սկզբում ձերբակալվել էր, այնուհետև վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել ձերբակալված Գարիկ Գալեյանին ազատ արձակել արգելանքից, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր ստորագրություն չհեռանալու մասին։ 

Այս ամենով հանդերձ՝ զարմանալի է, թե ինչու է ահաբեկչություն անելու սպառնալիք հնչեցնող, զինվորական կայազորային քննչական բաժնում  զորամաս ապօրինի մուտք գործող, հրամանատարի տեղակալի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրող, ծանր վիրավորանք հասցնող խմբակը գտնվում իրավապահների հսկողությունից դուրս։  

Նշենք, որ քիչ առաջ «Որդիների կանչ» ՀԿ-ն պարզաբանում է ներկայացրել՝ մասնավորապես նշելով հետևյալը. «Լուրեր են տարածվում, թե իբր «Որդիների կանչ» սոցիալ-հայրենասիրական հասարակական կազմակերպության անդամները առևանգել են Աշոտ Փաշինյանին։ Պետք է պարզաբանենք և հստակեցնենք մեկ բան, որ նշված երիտասարդը իր ոտքով-ձեռքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան, այնուհետև մեզ համար անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից»։

Անի Խաչատրյան