Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տվյալ երիտասարդին մղել էին բռնության հենց ԱԺ տարածքում, և պատահական չէ, որ դա Ռոբերտ Քոչարյանի տղայի «ախռաննիկն» էր

Այսօր ով ասես՝ գնում է Կիրանց, և չեն թողնում, որ խեղճ ժողովուրդը կողմնորոշվի՝ այն, ինչ արվում է, արվում է ի նպաստ մարդկանց անվտանգությա՞ն, թե՞ դա լրացուցիչ վտանգներ է ներկայացնում։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Անդրադառնալով ոստիկանների կողմից դեպի Կիրանց տանող ճանապարհը փակելուն՝ պատգամավորը նշեց, որ դա արվում է մարդկանց անվտանգությունն ապահովելու համար, քանի որ այնտեղ հիմա ականազերծման աշխատանքներ են իրականացվում։  
«Քաղաքական դաշտի ինչքան հնաբնակներ կան՝ գնում են այնտեղ՝ ժողովրդին ինչ-որ հակառակ բաներ ներկայացնելու»,- ասաց Քոչարյանն ու նշեց, որ իշխանությունն անում է գործողություն, որն ապահովում է Հայաստանի անվտանգային բնագծերը ճիշտ կառուցելն ու իրավունքի տեսանկյունից լեգիտիմ հիմք ունենալը, որը պետական սահմանն է։

Վկայակոչելով ընդդիմադիրների թեզերը, համաձայն որի՝ Հայաստանն այնքան է, որքան  և որտեղ կանգնած է հայ զինվորը, Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ միջազգային այդպիսի իրավունք գոյություն չունի, և եթե Հայաստանը շարժվի այդ տրամաբանությամբ, ապա մենք կկորցնենք նաև այն, ինչն այսօր կարող ենք պաշտպանել։

Եկեղեցու և հոգևորականների մասնակցության մասին Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նրանք անելիք չէին ունենա, եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը հանրային աջակցություն ունենային։ Հիմա ստիպված եկեղեցին է դարձել պայքարի առաջամարտիկ, որի իրավունքը չունի։

«Մինչև այդ էլ Էջմիածնին էին փորձում խառնել քաղաքական գործընթացներին։ Իրենք, քանի որ չունեին ժողովրդի աջակցությունը, Վեհափառին անընդհատ առաջարկում էին, որ նա առաջնորդի ընդդիմադիր շարժում՝ հաշվի չառնելով, որ սա կարող է բերել այնպիսի անշրջելի հետևանքների, որը մեզ որևէ լավ բանի չի կարող հասցնել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը շեշտեց՝ ՀՀ տարածքից որևէ միլիմետր չի զիջվում։

«Կան շատ ուժեր, որ դեմ են այս գործընթացին, բայց չեն կարող հստակ բացատրել, թե ինչին են դեմ։ Ռազմական տեսանկյունից չեն կարողանում բացատրել, քաղաքական տեսանկյունից չեն կարողանում բացատրել, մնում է մի բացատրություն՝ այս ամենը պետք է դարձնել իշխանության դեմ պայքարի գործիք, և կարծես թե դա էլ չի ստացվում, դրա համար քաղաքական ուժերը գոռում են, թե որտե՞ղ են մեր հոգևորականները, որպեսզի առաջնորդեն իշխանության դեմ պայքարը։ Սա ոչ այլ ինչ է, քան պայքար՝ իշխանության համար»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Պատգամավորը, անդրադառնալով եկեղեցականների նկատմամբ քննադատությունները բռնությամբ լռեցնելու դեպքերին՝ մասնավորապես լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնությանը, ասաց, որ այն հստակ նախապատրաստված էր, նաև պատահաբար չի եղել ընտրված միջադեպի վայրը՝ Ազգային ժողովը։ «Տվյալ երիտասարդին  մղել էին բռնության հենց Ազգային ժողովի տարածքում, և պատահական չէ, որ տվյալ «ախռաննիկը» Ռոբերտ Քոչարյանի տղայի ախռաննիկն է։ Հիմա, ոչ միայն բռնություն կիրառվեց, այլև այն նախապատրաստվեց՝ կոնկրետ մարդու օգնականի ձեռքով արվեց, կոնկրետ տարածքում և կոնկրետ՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի քաղաքական գործունեության։ Կարծես ասեին, որ Ազգային ժողովում անգամ կպատժենք նրան, ով փորձի քննադատել մեր քաղաքական հոգևորականի իրացրած ծրագրերը։ Այնպես որ՝ քննչական  մարմինները պետք է մանրամասն, ամբողջական քննություն իրականացնեն՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ էր դարանակալել տվյալ ընկերը և ինչո՞ւ Ազգային ժողովի տարածքում»։ 
 
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան