Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախը «փրկելու» հերթական իմիտացիան, կամ «ով չստորագրի՝ հայ չի»

Արցախը «փրկելու» հերթական իմիտացիան, կամ «ով չստորագրի՝ հայ չի»
Հասարակություն
18:15, 12 июнь 2023
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը և «Համախմբում» շարժման իր գաղափարակից ընկերները, որոնց թվում կարելի է տեսնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանին, երգչուհի Շուշան Պետրոսյանին,  Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, Ռ. Քոչարյանի երբեմնի խորհրդական Գառնիկ Իսագուլյանին, դերասան Հրանտ Թոխատյանին, Շիրակի և Տավուշի թեմի առաջնորդներ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին և Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին և այլ ընդդիմադիր հայացքներով հայտնի և ոչ հայտնի անհատների, նախաձեռնել են «Հայաքվե» շարժումը: Անդամներն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը (Հարցը) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ» դիմում։ 

Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 4-րդ կետի՝ ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազար քաղաքացի ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք: Քաղաքացիական նախաձեռնությունն իրականացվում է «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով՝ Կանոնակարգով օրենսդրական նախաձեռնության համար սահմանված պահանջներին համապատասխան:

Նախաձեռնության հեղինակները առաջարկում են փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում, որով կքրեականացվի Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը և Հայոց ցեղասպանությունը ժխտելը։
Ի դեպ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները այսօրինակ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն եկել, որի հնարավորությունները լիուլի ունեն։

«Հայաքվե»-ի նախաձեռնողները ստիպված են 50 հազար ստորագրություն հավաքել, որից հետո օրենքի նախագիծը կմտնի ԱԺ։ Սակայն օրենքը ընդունելու համար պետք է պատգամավորների ձայների կեսից ավելին։ Պարզ է, որ եթե ԱԺ խմբակցությունները ցանկանային նման փոփոխություն անել Քրեական օրենսգրքում, ապա հանդես կգային այդպիսի նախաձեռնությամբ, հետևաբար ակնհայտ է, որ նախաձեռնությունը ի սկզբանե դատապարտված է ձախողման։ 

Սակայն «Հայաքվե»-ի անդամները ևս մեկ հնարավորություն կունենան՝ ևս 300 հազար ստորագրություն հավաքելու դեպքում նախագիծը կդրվի հանրաքվեի։ 

Փոքրաթիվ, փողոցային ակցիաների ժամանակ մի քանի տասնյակից լավագույն դեպքում մի քանի հարյուր մարդ հավաքող այս թիմին, ակնհայտ է, որ չի հաջողվի այդքան ստորագրություն հավաքել։ Ուրեմն ի՞նչ նպատակ է հետապնդում այս գործողությունը։ Կարելի է նշել, որ սա պայքարի հերթական իմիտացիան է՝ «Արցախը փրկելու», «հայրենասեր» երևալու հերթական իմիտացիան, իրենց մասին հերթական անգամ հիշեցնելու փորձը։ Երևանում Արցախը փրկելու փորձերը դեռ շարունակվում են։ Բացի դրանից, ի՞նչ են առաջարկում այս մարդիկ։ Հասկանալի է, որ դեմ են կառավարող ուժի քաղաքականությանը, բայց ի՞նչ են առաջարկում իրենք։ Երկու և ավելի տարի այս հարցը տարբեր լրագրողներ տարբեր հարթակներում հասցեագրում են իշխանության քաղաքականությունը քննադատող անձանց, գործիչներին, ուժերին, և որևէ մեկը որևէ խելամիտ, գործնական, իրատեսական տարբերակ չի առաջարկել, բացի լոզունգներից, կենացներից ու Պուտինի հետ անկեղծ խոսելով Արցախը փրկելու «փառահեղ» ծրագրից։

Ի դեպ, այս նախաձեռնության այլընտրանքային կարգախոսն էլ «ով մեզ հետ չի՝ հայ չի»-ն է։ «Հայաքվե» անունը հուշում է, որ ով չստորագրի այդ նախաձեռնության օգտին՝ հայ չի։  

Վովա Հակոբյան