Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հեմոդիալիզ ստացող հիվանդները տարհանվում են Արցախից․ ԱՀ ԱՆ

Հեմոդիալիզ ստացող հիվանդները տարհանվում են Արցախից․ ԱՀ ԱՆ
Հասարակություն
19:46, 14 август 2023

Հեմոդիալիզ ստացող հիվանդները տարհանվում են Արցախից՝ անհրաժեշտ բժշկական պարագաների աճող սղության պատճառով մահից խուսափելու նպատակով։


Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունից։


Պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարման պատճառով դեղորայքի և բժշկական պարագաների աճող սուր սղությամբ՝ ԱՀ առողջապահության նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարհանելու հեմոդիալիզ ստացող հիվանդներին Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, այլապես բժշկական պարագաների ավարտից շուրջ մեկ շաբաթ անց այդ հիվանդները կմահանան:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում շարունակաբար ծրագրային հեմոդիալիզ էր ստանում ընդհանուր 41 հիվանդ, որոնցից 19-ը վերջին օրերին տարհանվել է Հայաստանի Հանրապետություն ԿԽՄԿ կողմից, ևս 10-ի տարհանումը տեղի կունենա վաղը:


Թեև բոլորին է առաջարկվել տարհանման հնարավորությունը, սակայն 41 հիվանդից 12-ը հրաժարվել է մեկնել Արցախից:


«Մենք ստիպված ենք գնացել հիվանդներին տարհանելու քայլին, քանի որ շուրջ երկու շաբաթվա ընթացքում կվերջանան հեմոդիալիզի համար անհրաժեշտ բժշկական պարագաները: Հեմոդիալիզի հնարավորության բացակայության պայմաններում հիվանդների օրգանիզմում կտրուկ կերպով կբարձրանա ազոտի մակարդակը՝ միջինը մոտ մեկ շաբաթից անխուսափելիորեն հանգեցնելով նրանց մահվան: Արցախի լիակատար պաշարումը ազդել է սուր և քրոնիկ երիկամային անբավարարության տերմինալ փուլում գտնվող մարդկանց կյանքի վրա նաև հատուկ սննդակարգին հետևելու հնարավորության բացակայությամբ, ինչը լրացուցիչ վտանգներ է առաջացրել նրանց կյանքի ու առողջության համար»,- նշել է անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ք. Ավագիմյանը:


«Ես պառկած հիվանդ եմ, խնամակալ ունեմ տանը: Ես էլ եմ ուզում ապրել, ինձ նմաններն էլ են ուզում ապրել: Խնդրում եմ աշխարհին օգնել ղարաբաղցիներին, օգնել դիալիզ ստացող և մնացած ծանր հիվանդներին ոտքի կանգնել: Ես այս դրությամբ չեմ կարող գնալ Երևան բուժման նպատակով, որովհետև ես ուզում եմ՝ գամված սայլակին մեռնել Արցախում և թաղվել իմ գերեզմանոցում»,- նշել է 64-ամյա Վերա Հովսեփյանը, ով շաքարային դիաբետ հետևանքով կորցրել է տեսողությունը, չի կարողանում քայլել և հինգ տարի շարունակ ստանում է հեմոդիալիզ:


Երբ երիկամների ֆունկցիայի ընկճումը դառնում է կյանքի համար վտանգավոր, որպես երիկամփոխարինող բուժում իրականացվում է դիալիզ, կամ երիկամի փոխպատվաստում: Դիալիզը երիկամփոխարինող բուժական մեթոդ է, որի հիմքում կիսաթափանցիկ թաղանթի միջոցով արյան մեջ կուտակված նյութափոխանակության արգասիքների հեռացումն է։ Այն կիրառվում է սուր և քրոնիկ երիկամային անբավարարության տերմինալ փուլում, երբ երիկամներն այլևս չեն կատարում իրենց գործառույթը։


Արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի կողմից բացարձակապես արգելվում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ: Արդյունքում, կյանք փրկող և այլ խիստ անհրաժեշտ դեղատեսակներն ու պարագաները գնալով ավելի ու ավելի շատ են բացակայում՝ հանգեցնելով մարդկային մահերի ու առողջական վիճակի վատթարացման: