Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեփական աղջնակին դաժան ֆիզիկական ու հոգեբանական բռնության ենթարկած կինը նախկինում դատապարտված է եղել սուտ մատնության համար

Սեփական աղջնակին դաժան ֆիզիկական ու հոգեբանական բռնության ենթարկած կինը նախկինում դատապարտված է եղել սուտ մատնության համար
Հասարակություն
12:04, 18 август 2023
Սեփական երեխայի նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկած կինը՝ Աննա Արևշատյանը, 2017 թվականին սուտ մատնության համար դատապարտվել է ազատազրկման՝ 3 ամիս ժամկետով։ Նրա նկատմամբ նշանակված պատիժը, սակայն, պայմանականորեն չի կիրառվել՝ նշանակվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան։

Բանն այն է, որ 2017 թվականին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Աննա Արևշատյանը նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝ 2017 թվականի հունիսի 9-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում տվել է սուտ հաղորդում այն մասին, որ 2009 թվականից մինչև 2017 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում Հովիկ Խեչյանը առանց աշխատավարձ վճարելու իրեն և ամուսնուն՝ Թաթուլ Բարիսի Մադաթյանին, ներգրավել է հարկադիր աշխատանքների կատարման մեջ՝ անասնաֆերմայում առկա անասունների խնամում, անասնաֆերմայի մաքրում և այլն, թերի կամ վատ աշխատանք կատարելու, ուշ արթնանալու համար պարբերաբար ծեծի է ենթարկել, ինչպես նաև արգելել է հեռանալ անասնաֆերմայի տարածքից՝ Հովիկ Խեչյանին մեղադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ՝ մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, որը կատարվել է 2 և ավելի անձանց նկատմամբ:

Արագացված դատաքննությամբ Արևշատյանը ընդունել է մեղքը։ Վերջինս վճռի հրապարակումից հետո ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Նրա նկատմամբ հսկողություն է նշանակվել, որն իրականացվել է ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության կողմից։