Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին

Երևանում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին
Մշակույթ
22:46, 02 июнь 2022
Հարևան և բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնություններից է, և դրա համար գոյություն ունեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները: «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-յակին նվիրված միջոցառման ժամանակ:
«Մեր առանձնահատուկ դարավոր կապերի և հազարամյակների ընդհանուր պատմության շրջափուլում անցած երեք տասնամյակներն ունեն հերթական և կարևոր հոբելյանական նշանակություն: Պատմական, մշակութային և քաղաքական ընդհանրությունների վրա հիմնված և դարերի խորքից եկող հայ-վրացական հարաբերություններն այսօր շարունակում են աչքի ընկնել լիակատար փոխվստահությամբ ու անխափան բարեկամությամբ», - նշեց արտաքին գործերի փոխնախարարը:
Այսօր՝ հունիսի 2-ին, Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Արամ Խաչատրյան» համերգասրահում հատուկ միջոցառում էր կազմակերպվել ի պատիվ Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձին, որը լրանում է ընթացիկ տարվա հուլիսին: Համերգին հրավիրված էին բարձրաստիճան պաշտոնյաներ երկու երկրներից: Մինչ Թբիլիսիի պետական համալսարանի պարի և վոկալ-գործիքային խմբերի դիտարժան ելույթները ողջույնի խոսքով հանդես եկան հայկական և վրացական կողմի ներկայացուցիչները:
Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ընդգծեց՝ պատահական չէ, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի առաջին պաշտոնական այցը նախագահի պաշտոնում օրերս տեղի ունեցավ հենց բարեկամ Վրաստան, ինչն էլ Հայաստանի և Վրաստանի միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունների ամենախոսուն վկայություններից է:
Հարևան երկու երկրների միջև համատեղ և փոխշահավետ գործակցության արդյունքում, ասում է ԱԳ փոխնախարարը, ձևավորվել է այնպիսի օրակարգ, որը լավագույնս ծառայում է երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հարաբերությունների ընդլայնմանը:
«Հայաստանն ու Վրաստանը, հիմքում ունենալով համագործակցության հարուստ փորձ և պատմական ամուր կապեր, ամենօրյա հետևողական աշխատանք են իրականացն ում՝ իրենց միջև առկա բազմոլորտ հարաբերությունները ամրապնդելու և այն նորանոր նվաճումներով համալրելու ուղղությամբ՝ ի բարօրություն մեր երկու պետությունների և ժողովուրդների», - շեշտեց փոխնախարարը՝ հավելելով, որ հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը լավ առիթ է ձեռքերումներն ամփոփելու, ապագային միտված անելիքները ուրվագծելու և համատեղ ծրագրերը ներդաշնակ կերպով առաջ մղելու համար:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև վրացական կողմի ներկայացուցիչը՝ ՀՀ-ում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեն:

Վրաց դիվանագետի խոսքով՝ Հայաստանն ու Վրաստանը այս տարի նշում են պաշտոնապես դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը հայ-վրացական հազարամյա բարեկամության պատմության ետնախորքին, բայց թերևս ավելի ճիշտ կլինի ասել, որ Հայաստանն ու Վրաստանը նշում են իրենց դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 30-ամյակը:

«Վրաստանի և Հայաստանի ներկայիս հարաբերությունները բնութագրվում են առանձնահատուկ դինամիզմով: Այս դինամիզմը հիմնված է երկու երկրների վարչապետերի անձնական բարեկամության վրա, որը հետագայում կիսել են նրանց գլխավորած կառավարությունների անդամները: Այն ավելի է ամրապնդում վրաց և հայ ժողովուրդների միջև պատմականորեն սերտ, բարեկամական կապերը», - Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների տարեդարձին ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, մասնավորապես՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը, Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը: Համերգին որպես հատուկ հյուր հրավիրված էր ՄԱԿ-ի համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 30 տարի առաջ՝ 1992 թ. հուլիսի 17-ին: