Քաղաքացիակենտրոն
լրատվություն

3 տարվա դադարից հետո 4000-ից ավելի հյուրեր ՀՀ-ից և արտերկրից Սյունիքում մասնակցեցին ոչխարների խուզման փառատոնին, որին ներկա էին նաև «Լավ էլի» խումբը, բլոգերներ և էկոնոմիկայի նախարարը

Սյունիքի մարզի Խոտ բնակավայրը սովորականից մարդաշատ էր։ Պատճառը այստեղ անցկացվող ոչխարների խուզման փառատոնն էր։

Երեք տարվա դադարից հետո այս տարի կրկին այն անցկացվեց Սյունիքում։ Դադարի պատճառը կորոնավիրուսային համավարակն էր։

Փառատոնը այս տարի վերադարձել էր ավելի հագեցած ծրագրով։ 4 թիմեր՝ յուրաքանչյուրը 4-ական մասնակցով, Հայաստանի տարբեր մարզերից մասնակցեցին ոչխարներին խուզելու մրցույթին։ Ժյուրին էլ գնահատում էր, թե ով ավելի արագ խուզեց, ստացավ ամբողջական բուրդ և ամենաքիչը վնասեց ոչխարներին։

Միջոցառմանը ներկա էին հյուրեր Հայաստանի տարբեր վայրերից, ինչպես նաև զբոսաշրջիկներ՝ արտերկրից։ Շուրջ 4000 մարդ էր ներկա միջոցառմանը, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալը։ Նախարարը նկատեց, որ նմանատիպ փառատոները նպաստում են զբոսաշրջության ակտիվացմանը՝ նշելով, որ նախարարությունը Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ 2 տասնյակից ավելի փառատոնի կազմակերպման է աջակցում, որոնցից մեկն էլ ոչխար խուզելու փառատոնն է։

Նախարարը նշեց նաև, որ Հայաստանը  տուրիզմի ցուցանիշներով ռեկորդային աճ է գրանցել։

Փառատոնի նպատակն է խթանել Սյունիքի մարզում զբոսաշրջությունը, ակտիվություն մտցնել, ճանաչելի դարձնել տեղի համայնքները, տեսարժան վայրերը, մշակույթը, խոհանոցը։

Ոչխարների խուզման լարված պայքարից հետո ծրագիրը շարունակվեց ժամանցային ու ճանաչողական գրավիչ միջոցառումներով։ Ներկաները հնարավորություն ունեին այցելելու հարևանությամբ տեղակայված տաղավարներ, որտեղ ներկայացված էին ձեռքի հետաքրքիր ու ինքնատիպ աշխատանքներ, համեղ ուտեստներ, անուշեղեն, տնային պայմաններում ստեղծված ոգելից խմիչքներ և այլն։ Հյուրերը կարող էին ինչպես հյուրասիրվել, այնպես էլ, ցանկության դեպքում, գնել դրանք։

Ծրագիրը շարունակվեց «Լավ էլի» խմբի համերգով, «Տերյան» մշակութային կենտրոնի հայկական տարազների ցուցադրությամբ, «բրդից մինչև կարպետ» գործընթացի ներկայացմամբ ու տարբեր մրցույթներով։

Միջոցառմանը իրենց արտադրանքը ներկայացնելու հնարավորություն էին ստացել Սյունիքի տարբեր բնակավայրերի բնակիչներ, ովքեր բացի հյուրերին ջերմությամբ դիմավորելուց ու հյուրասիրելուց, հույս հայտնեցին, որ զբոսաշրջիկները Սյունիք կայցելեն նաև այլ օրերի։
Փառատոնը գրավել էր ոչ միայն հայաստանցի և արտասահմանցի զբոսաշրջիկներին, այլև օտարերկրացի հայտնի բլոգերների, որոնցից է ռուս տիկտոկեր Միշան, ով ևս մասնակցեց ոչխար խուզելու փառատոնին։ Թե ինչպես ստացվեց Միշայի մոտ ոչխար խուզելը՝ գնահատեցին ոչ թե ժյուրիի անդամները, այլ ներկաները։ Կարծես այնքան էլ վատ չստացվեց։

Միշան ասաց, որ փառատոնի մասին իմացել է ընկերներից, ովքեր նախորդ փառատոներին ներկա են գտնվել։

Բլոգերն, ի դեպ, Տիկտոկում շուրջ 946 հազար հետևորդ ունի, իսկ Ինստագրամում՝ 82 հազար։

Փառատոնն անցկացնում էր «Դը Ռանչ» ընկերությունը՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության հետ: Այս տարի փառատոնին աջակցում էր Զբոսաշրջության կոմիտեն:

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան